Աշխարհի տարբեր երկրներից հայտնի իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակի, հայտնել են Free Armenian Prisoners թիմից։
Նրանք նշել են, որ Վարդանյանի թեկնածությունն առաջադրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած գործունեության, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում ներդրման համար։
Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ Վարդանյանը նաև հետևողականորեն բարձրաձայնել է արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցը։
Իրավապաշտպանները նաև նշել են, որ այժմ պաշտպանության կարիք ունի հենց ինքը՝ Վարդանյանը՝ հիշեցնելով, որ նա ապօրինի պահվում է Բաքվում և դատապարտվել է Ադրբեջանի դատարանի կողմից։ Ըստ հայտարարության հեղինակների՝ մրցանակի շնորհումը կարող է կարևոր քայլ լինել նաև Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման հարցում։
Վարդանյանի թեկնածությունն առաջադրել են գրող և գլոբալ էներգետիկ հարցերով խորհրդատու Վահան Զանոյանը, բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalom խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, ամերիկացի բժիշկ և մարդասեր Թոմ Քաթինան, իրավապաշտպան Ջուլիեն Լուսենգեն, ինչպես նաև իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային։
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհուրդ Խորհրդարանական վեհաժողովի և Վացլավ Հավելի գրադարանի համատեղ միջազգային մրցանակն է, որը շնորհվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անձանց կամ կազմակերպություններին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո ոչ մի միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին։
