ԱՄՆ Պետդեպարտամենտը Էբոլա տենդի համաճարակի բռնկման ֆոնին՝ սահմանափակումներ է մտցրել ամերիկացիների՝ Կոնգոյի և Ուգանդա ճանապարհորդությունների համար, գրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությանը։
ԱՄՆ քաղաքացիներին խստիվ արգելվել է մեկնել կոնգոյական Իտուրի նահանգ, որտեղ գտնվում է տենդի նոր բռնկման էպիկենտրոնը։ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ այդ գոտում երկրի դեսպանատունը չի կարողանալու օգնություն ցուցաբերել ամերիկացիներին։ Գերատեսչությունը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին առանց անհրաժեշտության ձեռնպահ մնալ Կոնգոյի այլ շրջաններ և Ուգանդա այցելություններից ու կոչ է արել ճանապարհորդներին պահպանել անվտանգության կանոնները։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային արտակարգ դրություն էր հայտարարել ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի համաճարակի պատճառով։
Էբոլա վիրուսը փոխանցվում է վայրի կենդանիներից։ Հիվանդության առաջին ախտանիշներն են տենդը, մկանային և գլխացավերը, ինչպես նաև կոկորդի ցավը, որոնց հաջորդում են երիկամների ու լյարդի ֆունկցիաների խանգարումները, իսկ որոշ դեպքերում՝ ներքին և արտաքին արյունահոսությունները։
