Բ. Համաշխարհային պատերազմի աւարտով թւում էր, թէ մարդկութիւնը պատմութեան աղբանոցն ուղարկեց համաշխարհային կայսերապետութեան ձգտող վերջին խելագարին: Արիւնահեղութեան հսկայ բաղնիքում ֆաշիզմի ու ցեղապաշտութեան գաղափարախօսութեանը զոհ գնացած մարդկանց թիւը, ներառեալ` տարբեր տարածաշրջաններում բռնկուած պատերազմների պատճառով ծագած սովի ու համաճարակների զոհերը, հաշւուում է մինչեւ 80 միլիոն մարդ: Նիւրենպերկեան միջազգային դատավարութիւնը, Գերմանիայում, Ճափոնում, Իտալիայում, ինչպէս եւ վերջիններիս դաշնակից այլ երկրներում ազգայնամոլական, ցեղապաշտական վարչակարգերի տապալումը կարծես թէ գծեցին արդարութեան նոր դարաշրջան թեւակոխելու սահմանագիծը: Նոյն` 1945 թուականին հիմնադրուեց Միացեալ ազգերի կազմակերպութիւնը, եւ պետութիւնների ու ազգերի միջեւ յարաբերութիւնների ու խնդիրների կարգաւորման համար առաջ մղուեց միջազգային իրաւունքը` համաշխարհային նոր կարգի պայմաններում:
Հանրագումարի բերելով յետպատերազմեան 80 տարիների համաշխարհային պատմութիւնը` ակնյայտ է դառնում սակայն, որ իրաւունքի ուժն ու մարդասիրական սկզբունքները շարունակում են ստորադասուել ուժի իրաւունքին, եւ ժողովուրդների ոչնչացման ճանապարհով նրանց «հիմնահարցերը լուծելու» քաղաքական մեքանիզմը մնում է կենսունակ: Նման պարագաներում ուղղակի համեմատութիւնները միշտ խոցելի են, այնուամենայնիւ, կարելի է այս առիթով զուգահեռներ տանել Հայոց ցեղասպանութեան եւ այսօր Կազայում տեղի ունեցող զանգուածային սպանութիւնների եւ բռնագաղթի միջեւ: Բայց, դժբախտաբար, ամենամօտ ու դիպուկ համեմատութիւնները հէնց մեր շարունակուող կենսագրութեան մէջ են, քանի որ իր աշխարհաքաղաքական, պատմական խիստ փոքրացած միջավայրում անգամ հայութեան գոյութիւնը շարունակում է անհանդուրժելի մնալ թուրքազրպէյճանական յաւակնոտ ծրագրերի ճանապարհին: Միւս կողմից` ցեղասպանութեան հիմնադիր թուրքական-ցեղապաշտական պետութիւնը, երբեք դատապարտման չարժանանալով, շարունակեց անպատիժ իրականացնել զանգուածային սպանդների, սպիտակ ցեղասպանութեան ճանապարհով փանթուրքական եւ փանթուրանական նպատակների հետապնդումը:
Որպէս պետական միաւոր` իր ձեւաւորման շրջանից նոյն այս քաղաքականութիւնը որդեգրեց նաեւ Թուրքիայի հովանաւորեալ Ազրպէյճանը:
Պատմական Արեւելահայաստանից Նախիջեւանին, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղին տիրանալուց յետոյ մի քանի տասնամեակի ընթացքում Ազրպէյճանը գրեթէ ամբողջովին հայաթափեց Նախիջեւանը, իսկ նոյն ծրագիրը Դաշտային Ղարաբաղում աւարտին հասցրեց 1980- ականների վերջերին եւ 90-ականների սկզբին: Լեռնային Արցախի հայաթափումը կանխուեց ազգային ազատագրական պայքարի եւ Արցախի անկախացման շնորհիւ, սակայն տուեալ ծրագրի իրագործումն էլ հնարաւոր դարձաւ Հայաստանում արեւմտաթուրքական դրածոյ իշխանութեան հաստատման ճանապարհով:
Արցախի հայաթափումը տեղի ունեցաւ Թուրքիայի, Իսրայէլի եւ Փաքիստանի անմիջական մասնակցութեամբ, ցեղասպանական նոյն մեթոտների կիրառմամբ, որոնք որ գործադրուել էին անցած դարասկզբին` Հայոց ցեղասպանութեան ժամանակ: Հէնց ներկայ օրերին Արցախում հայկական հոգեւոր ու մշակութային յուշարձանների ոչնչացման, Հայաստանից գրաւուած տարածքներում ազրպէյճանական զօրքի ամրապնդման, Պաքւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան անօրինական դատապարտման ճանապարհով Ազրպէյճանը շարունակում է հայութեան գոյութեան դէմ ուղղուած իր քաղաքականութիւնը: Այդ հեռահար եւ ծրագրաւորուած քաղաքականութեան դրսեւորումներն են Հայաստանը Արեւմտեան Ազրպէյճան ներկայացնելու եւ այս ուղղութեամբ Ազրպէյճանում իրականացուող ամէնօրեայ քարոզչական ու այլ բնոյթի աշխատանքները: Հայաստանի` որպէս հայկական ինքնիշխան պետութեան, ոչնչացման ծրագրի յաջորդ բաժինը զուգահեռաբար իրականացւում է Հայաստանի իշխանութիւնների կողմից, նոյն Պաքուի ղեկավարութեան թելադրած գործողութիւններով:
Հայկական ինքնութեան եւ պետական-ազգային հեռանկարի չէզոքացմանն են ուղղուած Հայաստանի սահմանադրութեան փոփոխութեան, հայ աւանդական Եկեղեցին փաշինեանական իշխանութեանը ենթարկելու, պատմական անցեալից ու ներկայ Հայաստանի Հանրապետութեան սահմաններից դուրս գտնուող ամէն հայկականից հրաժարուելու ծրագրերը: Հայաստանի իշխանութիւնն արդէն իսկ հրաժարուել է Ցեղասպանութեան եւ Հայ դատի հետապնդման պետական ծրագրերից` տարբեր առիթներով, ըստ էութեան յայտարարելով, որ տեղի ունեցած ողբերգութեան մեղաւորները հայերն են եւ արտաքին հրահրող ուժերը: Հայաստանի իշխանութիւնն ամէն ինչ արեց Ազրպէյճանին եւ Թուրքիային ձերբազատելու համար ինքնորոշուած Արցախի Հանրապետութիւնը երկու ցեղասպանական պատերազմներում ոչնչացնելու եւ հայ բնակչութեանը զանգուածային տեղահանութեան ենթարկելու պատասխանատուութիւնից:
Մեր, ու ոչ միայն մեր, աչքի առջեւ ընթացքի մէջ է թուրք-ազրպէյճանական հայաջինջ ծրագիրը, որը սկիզբ է առել նոյնիսկ ոչ թէ 1915 թուականին եւ, ըստ էութեան, նոյնիսկ ոչ 1894-96 թուականներին, այլ 19-րդ դարի առաջին կէսից: Հայութեանն իր տնտեսական հիմնասիւներից զրկելու, իրաւապէս անպաշտպան դարձնելու, վայրենի քոչուորների վերաբնակեցման ճանապարհով ի վնաս հայութեան ժողովրդագրական կացութիւնը փոխելու քաղաքականութիւնը բնիկ ժողովրդին արմատախիլ անելու առաջին փուլն էր, որի շարունակութիւնը լինելու էին արդէն զանգուածային կոտորածներն ու տեղահանութիւնը: Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը ներկայացնող տգէտ թուրքամոլների համար անգամ պէտք է ակնառու լինի, որ Հայոց ցեղասպանութեան թէ՛ «խաղաղ» եւ թէ՛ արիւնալի փուլերն իրականացուել են ա) ոչ արտաքին ուժերի դաւերի ու միջամտութիւնների պատճառով, բ) ոչ հայ ժողովրդի ըմբոստացումների պատճառով, այլ, ճիշդ հակառակը եւ գ) այս ծրագիրն ունեցել է շատ պարզ պատճառ` թուրքական խարխլուող կայսրութիւնը, ինչպէս եւ բուն մետրոպոլիան փրկելու առաջնահերթ միջոցը նրա առաջնորդները համարել են պետութիւնը միատարր դարձնելու, ներքին խնդիրները սրով հանգուցալուծելու միջոցը:
Բ. Աշխարհամարտին յաջորդած նոր ժամանակներում սփիւռքի ազգային ուժերի քաղաքական պայքարի թիրախներից մէկը եղել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան փաստի ճանաչման եւ դատապարտման պահանջը: Այդ նոյն քաղաքականութիւնն ազգային ուժերն անկախացումից յետոյ որդեգրեցին Հայաստանում: Այս գործընթացի գլխաւոր թիրախը սեփական անցեալի դատապարտման ճանապարհով Թուրքիայի հրաժարումը պէտք է լինի քաղաքական խնդիրները կոտորածներով ու բնաջնջումներով լուծելու գաղափարաքաղաքական ռազմավարութիւնից, ինչպէս որ Գերմանիան զատուեց ու հրաժարուեց իր ֆաշիստական անցեալից` վերջինիս դատապարտման եւ վնասի հատուցման ճանապարհով: Եթէ հայ ժողովրդի մէջ գտնւում են այս քաղաքական նպատակը չըմբռնող կամ միտումնաւոր խեղաթիւրող անձինք ու շրջանակներ, փոխարէնը` դրա իմաստը շատ լաւ հասկանում են թուրքական ժողովուրդների մեծ կայսերապետութեան մարմաջը փայփայող թուրքական իրարայաջորդ կառավարիչները: Հայաստանի ներկայ իշխանութիւնների միջոցով սփիւռքը Հայաստանից զատելու եւ ցեղասպանութեան փաստի ճանաչումից պետականօրէն հրաժարուելու քաղաքականութիւնը մեռցնում է Թուրքիայի ամբողջականութեան դէմ ուղղուած վտանգը եւ վերացնում մեծ երազանքների ճանապարհին ընկած հաւանական խոչընդոտը:
Յիշենք, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարը, առանց իսկ երկիմաստութեան, մի քանի անգամ սպառնացել է Հայաստանի ժողովրդին` անուանելով «մեր թրի մնացորդներ»: Նա ակնյայտօրէն կանգնած է Ազրպէյճանի թիկունքում եւ, առաջին համարով հանդէս չգալով` վերջինիս հովանաւորն ու գործակիցն է բոլոր հակահայ ծրագրերում: Մի քանի անգամ թուրք ղեկավարը հրապարակայնօրէն յայտարարել է, որ իրենց ուժերով է Արցախն բռնագրաւուել: Ժամանակակից Թուրքիան` որպէս քաղաքական-գաղափարական համակարգ, սուլթանական ու երիտթուրքական պետութեան շարունակութիւնն է, որի շօշափուկներն այսօր ամէնուր են` Հարաւային Ամերիկայից սկսած` մինչեւ Եւրոպա, Պալքաններ, Ափրիկէ, Մերձաւոր ու Կենտրոնական Ասիա:
Կենտրոնական կամ Միջին Ասիայի հետ թուրքական աշխարհի միաւորմամբ կ՛իրականանայ համաթուրանականութեան ծրագիրը, որի առջեւ ճանապարհ հարթողներից մէկն էլ Նիկոլ Փաշինեանն է` Զանգեզուրի ռազմավարական գօտին զիջելու իր պատրաստակամութեամբ: Կասկած չկայ. պատմական ու գլխաւոր թշնամի Ռուսաստանի խոչընդոտը յաղթահարելու համար Թուրքիան, Ազրպէյճանի հետ միասին, Կենտրոնական Ասիայի կողքին պէտք է իւրացնի նաեւ Անդրկովկասը: Վերջին գործընթացում խաղաղութիւնն օրակարգում կը լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանութիւնը հնազանդօրէն կը կատարի իրեն յանձնարարուած առաջադրանքը: Ինչպէս փաստեցին նաեւ ապրիլի 24-ի եւ նրան յաջորդող օրուայ իրադարձութիւնները, Հայաստանի իշխանութիւնը պատրաստակամօրէն կատարում է իր դերը:
Պատմական դասերի հիման վրայ որքանո՞վ կը կարողանայ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինումն իր ձեռքը վերցնել, ցոյց կը տան ամենամօտակայ շաբաթների իրադարձութիւնները: