Չեխիայում հազարավոր մարդիկ բողոքում են ԶԼՄ-ների ֆինանսավորման կարգի փոփոխության դեմ

Չեխիայի 12 քաղաքներում հազարավոր ակտիվիստներ բողոքի ակցիաներ են իրականացնում հանրային հեռուստաալիքների և ռադիոկայանների ֆինանսավորման համակարգը փոխելու կառավարության ծրագրերի դեմ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ČTK լրատվական գործակալությանը։

Բողոքի ակցիաներն անցկացվում են երկրի երկրամասային վարչական կենտրոններում։ Մասնավորապես, Բռնոյում փողոց է դուրս եկել շուրջ երեք հազար ակտիվիստ, իսկ մայիսի 5-ին բազմահազարանոց հանրահավաք էր տեղի ունեցել Պրահայում։ Ակցիաները կազմակերպում է «Միլիոն պահ ժողովրդավարության համար» քաղաքացիական նախաձեռնությունը, որի մասնակիցները քննադատում են գործող կառավարությանը և պահանջում պահպանել հանրային ԶԼՄ-ների անկախությունը։

Ըստ չեխական լրատվամիջոցների՝ դժգոհության պատճառը օրենսդրական փոփոխություններն են, որոնք նախատեսում են հրաժարվել հեռուստացույց և ռադիոընդունիչ ունեցող քաղաքացիների կողմից վճարվող ուղղակի մուծումների պատմական պրակտիկայից։ Փոխարենն առաջարկվում է ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջեից, ինչը, ըստ ցուցարարների, էապես կսահմանափակի ԶԼՄ-ների գործունեությունը և նրանց կդարձնի կախյալ իշխանություններից։

Leave a Comment