Ֆրանսիայում ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի և նրա X ընկերության դեմ հետաքննությունը կարող է շարունակվել, հայտարարել է Փարիզի դատախազ Լոր Բեկկոն։
«Ամենածայրահեղ դեպքում, եթե բոլոր ստուգումներից հետո քննիչները որոշեն, որ Մասկի դեմ կարող են մեղադրանքներ առաջադրվել, և նրան կարող են կանչել քրեական դատարան, և նա հրաժարվի պատասխանել դատական կանչերին, ապա օրենքով նրա ներկայությունն ապահովելու միակ միջոցը ձերբակալման օրդերն է», – ասել է նա RTL ռադիոյով։
Նա պնդում է, որ Ֆրանսիայի իշխանությունները ԱՄՆ Արդարադատության նախարարությունից պատասխան չեն ստացել հետաքննության մեջ համագործակցության վերաբերյալ, մինչդեռ այլ դեպքերում համագործակցությունը շարունակվում է։
Նա կարծում է, որ դա կարող է պայմանավորված լինել ինչպես իրավական տարաձայնություններով, այնպես էլ Մասկի՝ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գործունեության վերաբերյալ տարբեր տեսակետներով։
Ապրիլին Մասկը չկարողացավ ներկայանալ Փարիզի դատախազություն՝ ցուցմունք տալու X սոցիալական ցանցի հետաքննության շրջանակներում, որի ֆրանսիական գրասենյակներում խուզարկություններ էին իրականացվել փետրվարին:
Le Monde-ը մայիսի 7-ին հաղորդել էր, որ Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության դեմ: