ԱԹՍ-ն հարվածել է Աբու Դաբիի ատոմակայանին

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Բարաքա» ատոմակայանում հրդեհ է բռնկվել, հայտարարել է Աբու Դաբիի լրատվական գործակալությունը։

Ըստ իշխանությունների՝ հրդեհի բռնկման պատճառը անօդաչու թռչող սարքի հարձակումն է եղել։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։

Լրատվական գործակալության տվյալով՝ հրդեհը բռնկվել է էլեկտրակայանի տարածքի արտաքին հատվածում գտնվող էլեկտրական գեներատորում, սակայն չի ազդել կայանի անվտանգության վրա։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով կատարվածը․ «Միջուկային անվտանգությանը սպառնացող ռազմական գործողություններն անընդունելի են», – ընդգծել են ԱԷՄԳ-ից։

ԱԷՄԳ-ին ԱՄԷ-ից հայտնել են, որ ատոմակայանում ճառագայթման մակարդակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։ Այս պահին արտակարգ դիզելային գեներատորները էլեկտրաէներգիա են մատակարարում էլեկտրակայանի երրորդ էներգաբլոկին։

Հայտարարությունում նշվում է, որ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին «կրկին կոչ է անում առավելագույն ռազմական զսպվածություն ցուցաբերել ցանկացած ատոմային էլեկտրակայանի մերձակայքում՝ միջուկային վթարի վտանգից խուսափելու համար»։

Թեև ԱԹՍ-ի ծագման մասին մանրամասներ չեն հաղորդվում, փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումից հետո ԱՄԷ-ն դարձել է իրանական հակահարվածների ամենամեծ թիրախը։

Leave a Comment