«Դուք պետք է մեռնեք, որ ես վայելեմ»․ որդին սպառնացել է ծնողներին

Մայիսի 15-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել այն դեպքի առթիվ, որ ալկոհոլի չարաշահման հետևանքով Խ․Հ․-ն հաճախակի վիճաբանություններ է ունեցել ծնողների հետ, ինչի ընթացքում փորձել է խեղդամահ անել հորը և սպառնացել է սպանությամբ։ Գործը մուտքագրվել է Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը մակագրվել է դատավոր Վիրաբ Վարդանյանին։

Դեպքի հանգամանքները

Խ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տևական ժամանակ ալկոհոլի չարաշահման հետևանքով արժանացել է ծնողների պարսավանքին, ինչի հետևանքվ 2026 թվականի փետրվարի 10-ից սկսած՝ տարբեր բնույթի վիճաբանություններ է տեղի ունեցել:
Հերթական անգամ՝ 2026 թվականի փետրվարի 13-ին Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի X հասցեում գտնվող տանը, կրկին ալկոհոլի չարաշահման հետևանքով արժանանալով մոր՝ Մ.Թ.-ի պարսավանքներին և դրանք ընդունելով ցավագին՝ սկսել է վիճաբանել վերջինիս հետ, որի ընթացքում վիճաբանությանը միջամտել է հայրը՝ Հ․Հ․-ը, որից հետո Խ․Հ․-ը հոր կամքին հակառակ դիտավորյալ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, մասնավորապես՝ ձեռքերքով բռնել է Հ․Հ․-ի պարանոցից և անընդհատ կատարել է խեղդող հնարք, որպիսիք դադարեցրել է միայն մոր՝ Մ․Թ․-ի, միջամտության արդյունքում, որպիսի գործողությունների հետևանքով մի կողմից Հ․Հ․-ի պարանոցի շրջանում առաջացել են մաշկածածկույթների գերարյուն տեղամասեր, իսկ մյուս կողմից Մ․Թ․-ի կողմից ամուսնուն պաշտպանելու նպատակով կատարված գործողությունների հետևանքով Խ․Հ․-ին պատճառվել են ձախ արմնկափոսի շրջանի արյունազեղման, աջ արմնկահոդի, աջ բազկի, ձախ ուսահոդի շրջանների քերծվաքների ձևով առողջությանը թեթև թև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Խ․Հ․-ը վերը նկարագրված դեպքի ընթացքում ձեռքերով բռնելով հոր՝ Հ․Հ․-ի պարանոցից և ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ՝ վերջինիս հասցեին տվել է սպանության հստակ սպառնալիք՝ ասելով հետևյալը. «Դուք պետք է մեռնեք, որ ես վայելեմ», որպիսի գործողությունները Հ․Հ․-ի մոտ ընկալվել են իրական՝ առաջացրել են վախ, տագնապ, իր անվտանգության համար անհանգստության զգացում, որի հետևանքով էլ նույն օրը հաղորդում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի բաժնում:

Խ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Մեղադրյալի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment