Պաստառ պոկելու գործով ձերբակալվածին «Նուբարաշենի» հոգեբուժարանում կախված են գտել

Մայիսի 16-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում, ըստ հաղորդման, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Արմեն Հովհաննիսյանը, Armenia Today-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Factor-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հովհաննիսյանը ձերբակալված էր նախընտրական պաստառ պոկելու համար։

ՆԳՆ-ից Armenia Today-ին տեղեկացրել են, որ հաղորդումն ստացել են ժամը 18․07-ին։

Նախարարությունից հստակեցրել են, որ Հովհաննիսյանը, որը ուներ ձերբակալվածի կարգավիճակ, Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրից հոգեկան առողջության պահպանման կենտրոն էր տեղափոխվել մայիսի 16-ին։

«Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»,- հավելել են ՆԳՆ-ից։

Factor-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնված էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․)։

Leave a Comment