ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ խոցվել է ավելի քան 120 անօդաչու սարք, իսկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջանների վրա հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է 556 ուկրաինական ԱԹՍ։
Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման հետևանքով կան զոհեր, վիրավորներ և զգալի վնասներ։
Խիմկիում մասնավոր տան վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով զոհվել է կին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ ևս մեկ մարդ շարունակում է մնալ փլատակների տակ։
Միտիշչիի Պոգորելկի գյուղում կառուցվող տան վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է երկու տղամարդ։
Ըստ նախնական տվյալների՝ Մոսկվայի վրա անօդաչուների հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ։
Հարվածների հետևանքով տուժել է նաև Մոսկվայի նավթավերամշակման գործարանի շինարարների հերթափոխը։ Վնասվել է նաև երեք բնակելի տուն։
Մոսկվայի մարզի Սուբբոտինո գյուղում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով բռնկվել է բնակելի տուն։
Մերձմոսկովյան Իստրայում անօդաչուն վնասել է մեկ բազմաբնակարան շենք և վեց առանձնատուն։ Չորս տուժածի ցուցաբերվում է բժշկական օգնություն։
Կրասնոգորսկի Պուտիլկովո միկրոշրջանում ԱԹՍ-ն հարվածել է բազմաբնակարան բնակելի շենքի։ Նախնական տվյալներով՝ բնակիչների շրջանում տուժածներ չկան։
