«Ուժեղ Հայաստանը» դատի է տվել Հանրայինին՝ հերքելու միասնական թեկնածուի մասին լուրը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով հերքել ընդդիմության միասնական թեկնածուի մասին արված պնդումը, տեղեկանում ենք դատական տեղեկատվական Դատալեքս համակարգից։

Հայցադիմումն ստացվել է մայիսի 15-ին։ Կուսակցությունը պահանջում է պարտավորեցնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը» հրապարակայնորեն հերքել Առաջինի լրատվական հեռուստաալիքով 2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Նշվում է, որ թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:

Կուսակցությունը պահանջում է հետևյալ տեքստով հերքել արված հայտարարությունը․ «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո հրապարակելով հետևյալ բովանդակությամբ տեքստը. «2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»:

Մայիսի 6-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին չհավատալ այն կեղծ տեղեկություններին, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածում է իրենց քաղաքական ուժի դեմ: Կարապետյանը «ֆեյք» էր որակել սոցիալական ցանցերում և կոնտեքստային գովազդների միջոցով տարածվող տեղեկությունները, թե իբր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կոչ է արել աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում կամ մտադիր է իր ձայները տալ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին:

Leave a Comment