Ապրիլի սկզբին Արգենտինայից նավարկության էր դուրս եկել հոլանդական MV Hondius զբոսանավը՝ 87 զբոսաշրջիկով ու անձնակազմի 60 անդամով։ Բաց ծովում հայտնվելուց անմիջապես հետո այն հայտնվեց նաև լրատվամիջոցների գլխագրերում։
Աշխարհին սպառնում է նոր պանդեմիա՝ գուժում էին նրանք՝ հայտնելով, որ նավի ուղևորները վարակվել են հանտավիրուսով։ Նախ որոշվել էր, որ զբոսաշրջիկները պետք է մնան նավում մեկուսացած վտանգավոր վարակը ափ չտեղափոխելու համար, սակայն վերջին օրերին ավելի քան 100 մարդ տարհանվել է նավից և հասել տուն։
Հիվանդության տարածման աշխարհագրությունը պատկերացելու համար նշենք, որ նրանք 23 երկրներից են։
Ֆրանսուհին, որի հանտավիրուսի թեստը դրական է եղել, այժմ փարիզյան հիվանդանոցներից մեկի վերականդանացման բաժանմունքում է, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյույն հայտնել է, որ նույն հիվանդանոցում է ևս չորս ֆրանսիացի, որոնց թեստը թեև բացասական է, բայց նրանք նույնպես կմնան մեկուսացման մեջ։
Փարիզի Լա Պիտիե Սալպետրիեր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Վալերի Պուրշեն պատմում է, որ Արգենտինայի նավահանգստից դուրս եկած նավի ֆրանսիացի ուղևորներին մեկուսացրել են օդափոխության հատուկ համակարգ ունեցող սենյակներում, որտեղ մաքուր օդ մտնում է, բայց դուրս եկողը հատուկ ֆիլտրվում է՝ կանխելու վարակի հետագա տարածումը։
Բժիշկը նաև ցուցադրում է հատուկ հագուստը, որը կրում են բժիշկները հիվանդասենյակ մտնելու համար։
Նավի մյուս ուղևորներն ու անձնակազմի անդամները արդեն հասել են իրենց բնակության երկրներ։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ու ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյսուսը նավից տուն տեղափոխման օպերացիան անվանել են բարդ, բայց հաջողված։ 42 օր այդ անձինք պետք է խստորեն պահպանեն կարանտինի կանոնները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նավի ուղևորների շրջանում ընդհանուր առմամբ հաստատել է MV Hondius հանտավիրուսով վարակման 9 դեպք, երեք մարդ մահացել է։
Ի՞նչ է հայտնի այս վիրուսի մասին, ինչպե՞ս է տարածվում
Մարդիկ հանտավիրուսով վարակվում են կրծողների մեզի, արտաթորանքի և թքի մասնիկների միջոցով, շատ ավելի քիչ դեպքերում՝ կծելու հետևանքով: Վարակման առաջին օրերին մարդն ունենում է գլխացավ, հազ, թուլություն, գլխապտույտ: Բուժվելու հավանականությունը մեծապես կախված է հիվանդության վաղ շրջանում բժշկի դիմելուց: Երբեմն ոչ միայն շնչառական ապարատների կիրառման, այլև հեմոդիալիզի անհրաժեշտություն է լինում:
ԱՄՆ-ում կատարված վիճակագրական դիտարկումները ցույց են տվել, որ այս հիվանդությունից մահացության տոկոսը որոշ տեսակների դեպքում բավական բարձր է՝ մինչև 40 տոկոս։
Համարվում է, որ նավի ուղևորները վարակվել են արգենտինական ամենահարավային Ուշուայա քաղաքում, որը դեպի Անտարկտիդա ուղևորությունների ծովային դարպասն է։ Քաղաքի ծայրամասերից մեկում զբոսաշրջիկները սիրում են հետևել թռչուններին, այստեղ նաև բազմաթիվ կրծողներ կան։ Արգենտինացի պաշտոնյաներն այս վարկածը հերքում են։
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը երեկ՝ Նայրոբի այցի ընթացքում, հայտարարել է, որ հանտավիրուսով պայմանավորված իրավիճակը երկրում վերահսկելի է։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ թեև Ֆրանսիայի իշխանությունները ճիշտ որոշումներ են ընդունել, այդուամենայինիվ Եվրամիության երկները պետք է համակարգված գործեն և կիրառեն ամենախիստ ընթացակարգերը։
Միաժամանակ մասնագետները համեմատում են հանտավիրուսը քովիդի հետ՝ շեշտելով, որ վերջինս անհամեմատ ավելի վտանգավոր էր մարդու համար։ Ժնևում անցկացված ասուլիսում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ հանրության լայն շրջանում վարակի տարածման հավանականությունը խիստ ցածր է։ «Կա՞ արդյոք նոր համավարակի վտանգ» հարցին, նրանք տվել են բացասական պատասխան։