Շոտլանդական հեղինակավոր «Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հավաքականի 18-ամյա տաղանդավոր հարձակվող Ֆինն Գերագուսյանի նկատմամբ, հայտնել է The Sun-ը։
Գերագուսյանը ծնվել է Անգլիայում, սակայն ներկայացնում է Հայաստանը, որտեղից սերում է նրա հայրը։ Ֆուտբոլիստը հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականներում, սակայն այս տարվա սկզբին արդեն հրավիրվել է ազգային հավաքական։
Հարձակվողն այժմ հանդես է գալիս անգլիական «Սանդերլենդի» կազմում։ Վերջին երկու մրցաշրջանի ընթացքում ակումբի երիտասարդական թիմերում նա դարձել է 35 գոլային փոխանցման և գոլի հեղինակ։ Ավարտված մրցաշրջանում Գերագուսյանը 29 խաղում խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում, իսկ դրանից առաջ՝ 31 խաղում դարձել էր 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Սանդերլենդի» հետ ավարտվում է այս ամռանը։ Ըստ Sunderland Echo-ի՝ «Ռեյնջերսն» արդեն հայտնել է իր հետաքրքրվածության մասին։ Թեև անգլիական ակումբը բանակցություններ է սկսել պայմանագիրը երկարաձգելու համար, սակայն նրանք լուրջ մրցակցության են բախվում ինչպես շոտլանդական գրանդի, այնպես էլ անգլիական մի շարք այլ ակումբների կողմից։
Գերագուսյանը, ով կարող է հանդես գալ նաև աջ եզրում, դժվար թե մոտ ժամանակներս կանոնավոր խաղաժամանակ ստանա «Սանդերլենդի» հիմնական կազմում՝ հաշվի առնելով Պրեմիեր լիգայում հանդես եկող ավելի փորձառու մրցակիցների առկայությունը, այդ թվում՝ Բրայան Բրոբիին, Էլիեզեր Մայենդային և Վիլսոն Իզիդորին։
2024 թվականին նա հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական (U19) և իր դեբյուտային խաղում անմիջապես աչքի ընկել՝ գոլ խփելով։
