Իրանում ընթացող պատերազմն արագացրել է Ասիայի անցումը կենսավառելիքի – armeniatoday.am

Ասիական երկրներն սկսել են ավելի ակտիվորեն անցնել կենսավառելիքի՝ Իրանում ընթացող պատերազմի պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամի և Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների խափանումների ֆոնին, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Associated Press-ին։

Հնդկաստանում ճգնաժամի հետևանքներն արդեն հանգեցրել են վառելիքի և կենցաղային գազի գների աճի։ Նյու Դելիի տաքսու վարորդներից մեկը գործակալությանը պատմել է, որ հեղուկ գազի բալոնի արժեքը 1000-ից բարձրացել է մինչև 3000 ռուփիի (11-31 դոլար)։

Այս ֆոնին Հնդկաստանի իշխանությունները որոշել են արագացնել էթանոլի հավելումով վառելիքի կիրառումը։ Այժմ երկրի լցակայանների մեծ մասում վաճառվում է 20% էթանոլ պարունակող բենզին, սակայն կառավարությունը մտադիր է ավելացնել կենսավառելիքի մասնաբաժինը։ Հնդկաստանի տրանսպորտի նախարարությունն առաջարկել է թույլատրել նաև այն մեքենաների շահագործումը, որոնք աշխատում են մինչև 85% էթանոլ պարունակող կամ ամբողջությամբ կենսավառելիքային հիմքով վառելիքով։

Նմանատիպ միջոցներ են քննարկվում նաև Հարավարևելյան Ասիայում։ Ինդոնեզիայում իշխանությունները ցանկանում են արմավենու յուղի հիմքով կենսադիզելի մասնաբաժինը 40%-ից հասցնել 50%-ի։ Մալայզիայում հավանություն են տվել 15% կենսադիզել պարունակող վառելիքին աստիճանական անցում կատարելուն։

Ավելի վաղ Reuters-ն անդրադարձել էր, թե ինչպես է Իրանի շուրջ ընթացող պատերազմով պայմանավորված էներգետիկ ճգնաժամը հարվածել Ասիայի երկրների տնտեսություններին։ Գործակալության տվյալներով՝ ապրիլին տարածաշրջան նավթի ներկրումը նվազել էր 30%-ով, իսկ մի շարք երկրների արժույթները դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվել էին։ Կառավարությունները փորձում են զսպել գնաճը սուբսիդիաների և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթի մատակարարման այլընտրանքային երթուղիների միջոցով։ Փորձագետները նախազգուշացրել են, որ իրավիճակի վատթարացման դեպքում նավթի գինը կարող է հասնել մինչև 150 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Leave a Comment