Ինչպես Սարգսյան եղբայրներն ստեղծեցին ամենահայտնի բրենդներից մեկը – armeniatoday.am

Կալիֆոռնիայում գազավորված ըմպելիքների փոքր արտադրությունից մինչև Հյուսիսային Ամերիկայի հայկական սփյուռքի ամենաճանաչելի բրենդներից մեկը. 1984 թվականին Էդվարդ և Վահիկ Սարգսյանների հիմնադրած Abali Yogurt ընկերության պատմությունը դարձել է ընտանեկան բիզնեսի վառ օրինակ՝ հիմնված միգրացիոն փորձի և ձեռնարկատիրական նախաձեռնության վրա, գրում է Zartonk Media-ն։

Ընկերության հիմնադիրներն ԱՄՆ են տեղափոխվել Թեհրանից, որտեղ արդեն ունեին ըմպելիքների արտադրության և միջազգային բրենդների, այդ թվում՝ Tuborg-ի և Canada Dry-ի հետ համագործակցության փորձ։ Այս մասնագիտական հենքը հիմք է հանդիսացել Լոս Անջելեսում սեփական գործն սկսելու համար։ Սկզբնական շրջանում ընկերությունն Ուեսթ Կովինայում զբաղվում էր ոչ ալկոհոլային խմիչքների լցոնմամբ, սակայն բեկումնային է դարձել անցումը մածունի և թանի արտադրությանը, ինչն էլ որոշել է բրենդի հետագա ինքնությունը։

Abali-ն արտադրությունը 1988 թվականին տեղափոխել էր Գլենդելի և Լոս Անջելեսի սահմանագիծ, որտեղ գործում է մինչ օրս՝ մնալով տարածաշրջանի հայ համայնքի կենտրոնում։ Ժամանակի ընթացքում ընկերությունն ընդլայնել է արտադրությունն ու իրացման ցանցը՝ դուրս գալով ԱՄՆ-ի և Կանադայի շուկաներ, միևնույն ժամանակ՝ պահպանելով կառավարման ընտանեկան կառուցվածքը. Սարգսյան ընտանիքի անդամները շարունակում են ներգրավված մնալ բիզնեսում։

Բացի առևտրային գործունեությունից, Abali Yogurt-ը զարգացնում է սոցիալական նախաձեռնություններ՝ աջակցելով տեղական նախագծերին և հայ համայնքի հետ կապված բարեգործական ծրագրերին։

Leave a Comment