Իրանն ԱՄՆ-ին փոխանցած պահանջների թվում ներառել է ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում խաղաղության և անվտանգության հաստատումը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիրեզա Սանեին։
Նրա խոսքով՝ Թեհրանի առաջարկների համաձայն՝ պատերազմը պետք է ամբողջությամբ դադարեցվի։ Բացի այդ, իրանական կողմը պահանջել է ապասառեցնել տարբեր երկրների բանկերում երկար տարիներ արգելափակված իրանական միջոցները և վերջ դնել ռազմածովային շրջափակմանն ու նավերի առգրավմանը: Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտորեն սպառնում է ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը և կիրառել միջուկային զենք, սակայն միջազգային իրավապաշտպան կառույցներն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեն արձագանքում դրան։
Վաշինգտոնի հետ երկխոսության շրջանակում Իրանը նաև նախատեսում է փոխել Հորմուզի նեղուցով նավերի անցման կարգը՝ սահմանելով, որ նավագնացությունը չի վերադառնալու նախկին ռեժիմին: Ըստ նոր պահանջների՝ նավերը պետք է շարժվեն Իրանի սահմանած անվտանգության կանոններով և վճարեն համապատասխան տուրքեր։
Մայիսի սկզբին Թեհրանն Իսլամաբադի միջոցով Վաշինգտոնին է փոխանցել համաձայնության հասնելու 14 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը պատասխան էր ամերիկյան կողմի նախնական 9 կետանոց նախաձեռնության:
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։
Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։
