Հայաստանի իշխանությունները բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների լայնածավալ արշավ են սկսել՝ սպառնալով կալանավորմամբ և գույքի բռնագանձմամբ, եթե վերջիններս հրաժարվեն սատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով գործարար շրջանակների իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ գործարար համայնքը բաժանվել է երեք խմբի՝ օլիգարխներ, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, և յուրաքանչյուր կատեգորիայի հետ տարվում է «համապատասխան աշխատանք»։ Թերթը պնդում է, որ վարչապետի հանձնարարությամբ նշանակվել են միջնորդներ, որոնք բանակցում են գործարարների հետ՝ նրանց իշխանական դաշտ բերելու նպատակով։
Որպես միջնորդներ հանդես են գալիս տեղական «հեղինակություններ», մարզպետներ, համայնքապետեր, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած ձեռնարկատերեր։
Ինչպես նշել է լրատվականը, գործընթացն ուղեկցվում է շանտաժով և բացահայտ սպառնալիքներով. «Կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ձեզ կզրկենք գույքից և կուղարկենք բանտ»։ Միջնորդներն ընդգծում են, որ գործում են անձամբ Փաշինյանի անունից։
Ըստ աղբյուրի՝ բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք հայտարարում են քաղաքականությանը չխառնվելու մասին, իշխանությունների կողմից դիտարկվում են որպես «սաբոտաժի» մասնակիցներ։ Նրանց փոխանցվում է հստակ ուղերձ. կա՛մ սկսել «աշխատել» իշխող ուժի համար, կա՛մ հայտնվել «սև ցուցակում»։
Ապրիլի 13-ին Փաշինյանի հետ հանդիպմանը գործարարները դժգոհել էին Ռուսաստանի հետ վարած քաղաքականության հետևանքով իրենց համար ստեղծված իրավիճակից, սակայն ըստ ԶԼՄ-ների գործադիրի ղեկավարը ամեն գնով փորձել էր կանխել այդ դժգոհությունները։
