Էբոլայի նոր բռնկում Աֆրիկայում. Կոնգոյում 80 մարդ է մահացել

Աֆրիկայում Էբոլայի նոր բռնկում է արձանագրվել․ Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (Africa CDC) տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է շուրջ 246 վարակման դեպք և 80 մահ։ Տվյալների համաձայն՝ դեպքերի մեծ մասն արձանագրվել է երկրի արևելյան Իտուրի նահանգի ոսկու հանքարդյունաբերական Մոնգվալու և Ռվամպարա բնակավայրերում, թեև Կոնգոյի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարությամբ չեն հանդես եկել, գրում է BBC-ին:

Ուգանդայի առողջապահության նախարարությունը հայտնել է Էբոլայից մահվան մեկ դեպքի մասին։ Խոսքը 59-ամյա տղամարդու մասին է, որը Կոնգոյի ԴՀ քաղաքացի էր և վերջերս ժամանել էր Ուգանդա։ Նա երկուշաբթի տեղափոխվել էր Կամպալայի հիվանդանոց, իսկ հինգշաբթի մահացել վերակենդանացման բաժանմունքում։ Լաբորատոր հետազոտությունը հաստատել է Էբոլա վիրուսի առկայությունը։

Ուգանդայի իշխանությունները նշել են, որ այս պահին երկրում վիրուսի տեղային փոխանցման դեպքեր չեն հայտնաբերվել։

Էբոլան ծանր վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված մարդու մարմնական հեղուկների հետ անմիջական շփման կամ վնասված մաշկի միջոցով։ Հիվանդությունը կարող է առաջացնել ծանր բարդություններ, ներառյալ օրգանային անբավարարություն։ Սկզբնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, մկանային ցավերը, թուլությունը, գլխացավն ու կոկորդի ցավը, որոնք հետագայում կարող են ուղեկցվել փսխումով, լուծով և այլ ծանր դրսևորումներով։

Էբոլան առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին այն ժամանակվա Զաիրում՝ ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ներկայիս բռնկումը երկրում համարվում է Էբոլայի 17-րդ արձանագրված բռնկումը։

Leave a Comment