Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե դիտարկում է ակումբից հեռանալու տարբերակը։
Ընթացիկ մրցաշրջանում մարզական մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում հոլանդացի մասնագետի հնարավոր հեռացման մասին։ Խոսակցություններ կային նաև, որ անհաջող մրցաշրջանից հետո մարզիչն ինքն էլ մտադիր է լքել զբաղեցրած պաշտոնը։
«Ես միշտ ցանկացել եմ մնալ և ոչ մի անգամ չեմ մտածել հեռանալու մասին։ Ինչպես արդեն 150 անգամ ասել եմ, կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք շատ ավելի լավ վիճակում կլինենք, քան հիմա։ Սա իմ մարզչական կարիերայի առաջին մրցաշրջանն է, երբ չենք պայքարում տիտղոսների համար։
Նախկինում միայն մեկ անգամ էի մնացել առանց տիտղոսների, և ինձ համար սա այնքան էլ սովորական իրավիճակ չէ։ Բայց հեռանալու միտքն ընդհանրապես չի ծագել իմ գլխում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Anfield Sector-ը։
Մարզչի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։