«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր 1998 թվականին Հայաստանի Սահմանադրությունը կեղծ տեղեկանքով շրջանցելով նախագահի պաշտոնը զավթած անձը խոսել է իր իշխանավարման տարիներին Հայաստանում ազատությունների մասին։ Նա, ում իշխանավարման տարիներին տեղի են ունեցել քաղաքական սպանություններ և հետապնդումներ, փակվել են լրատվամիջոցներ, ծեծվել ու ազատազրկվել են լրագրողներ, իսկ Հայաստանը վերածվել է Ռուսաստանի վասալիտետի, այսօր խոսում է իր պաշտոնավարման տարիներին ազատություններից։
Սա նոր բան չէ։ Նույն համակարգն է, որը տարիներ առաջ իմ դեմ քրեական գործ էր կարել, ինձ ազատազրկել էր, հետո նույն գործով ես արդարացվել եմ դատարանում։ Ինձ դատած դատավորն անգամ տարիներ անց ներողություն է խնդրել՝ ընդունելով, որ դատավճիռը կայացվել էր ոչ թե օրենքով, այլ քաղաքական հրահանգով՝ այն ժամանակվա իշխանության բուրգից, Արմեն Գևորգյանի և նրա շեֆի միջոցով։ Այդ տարիներին ինձ առաջարկել են փակել խմբագրությունը, հեռանալ Հայաստանից և ազատ արձակվել։ Չեմ համաձայնվել։ Առաջարկել են լռել՝ ազատության դիմաց։ Չեմ լռել։
Իմ դեմ սարքված գործի քաղաքական բնույթը ճանաչվել է նաև միջազգային մակարդակով․ ԱՄՆ Պետքարտուղարությունը երեք անգամ ինձ ճանաչել է քաղբանտարկյալ։ Իսկ մոր դեմ ցուցմունքի մասին հերյուրանքն ամենաստոր և անբարոյական կեղծիքներից է։ Այդ «ցուցմունքը» կորզվել է նույն մարդկանցից՝ հանրապետության զինկոմի գլխավորությամբ, որոնց հրահանգված էր գործ սարքել իմ դեմ։ Սա իրավական գործընթաց չէր, այլ քաղաքական հաշվեհարդար՝ իմ, իմ ընտանիքի, ընկերների դեմ։
Այսօր նույն շրջանակները փորձում են նորից խեղաթյուրել իրականությունը, սովորության համաձայն կեղծել փաստերը և հասարակությանը շեղել ճշմարտությունից։ Չի ստացվելու։ Ես չեմ վախեցել բանտից, չեմ վախեցել հրահանգված դատավճռից, չեմ վախեցել զրպարտությունից։ Այսօր էլ չեմ վախենալու։ Շարունակելու եմ իմ ճանապարհը՝ ավելի մեծ հաստատակամությամբ, ավելի մեծ հավատով և ավելի մեծ նվիրումով։ Հանուն Հանրապետության»։
