Փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը․ Սիմոնյան

Փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ զոհված զինծառայողների թվի վերաբերյալ տարածած գերագնահատված հայտարարություններին:

«Ավելի ցավոտ է խոսել այդ մասին, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է մի բան ֆիքսել և թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ անդրադառնան»,- տեսանյութում նշել է նա:

ԱԺ նախագահը պարզաբանել է, թե ինչու է օգտագործում «սրիկա» բառը. «Խոսքը գնում է մեր զոհված տղաների թվի մասին: Այս սրիկաները նախընտրական շրջանում փորձում են գերագնահատել այդ թիվը՝ 5 հազարից մինչև 10 հազար»:

Նա ընդգծել է, որ այդ թվերը իրականությանը չեն համապատասխանում. «44-օրյա պատերազմի քրեական գործերով արձանագրված թիվը 3833 է, որից 78-ը քաղաքացիական անձինք են, իսկ 3755-ը՝ զինվորական: Այս թվի մեջ ընդգրկված չէ անհայտ կորածների թիվը, որը մոտ 160-ի է հասնում, և մենք չենք կարող ներառել նրանց այդ ցուցակում հասկանալին պատճառներով»:

ԱԺ նախագահը նաև նշել է, որ որոշ մարդիկ փորձում են իրականությունը խեղաթյուրել. «Օրինակ, այսօր ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով հաճախ չի ներկայանում աշխատանքի, տեսանյութ է պատրաստում՝ առանց համապարփակ տեղեկությունների, և կոչ անում հրապարակել բոլոր զոհվածների ցուցակը, իբր ամբողջ ժամանակահատվածի համար»:

Սիմոնյանը հավելել է, որ այդ տվյալները հրապարակված են, և անունները կարելի է գտնել «Զինապահ» կայքում, որտեղ կան նաև լուսանկարներ: «Կան բացառություններ, երբ ծնողները չեն ցանկացել, որ անունները հրապարակվեն, և այնտեղ ընդգրկված են նաև քառօրյա պատերազմի ժամանակ զոհվածները»:

ԱԺ նախագահը զգուշացրել է. «Այս սրիկայությունը պետք է դադարի: Հերիք է մեր ցավի, մեր զոհերի վրա քաղաքական դիվեդենտներ շահեք: Դուք մահվան սուրհանդակներն եք, մեզ համար դա նորություն չէ, և Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմությունը հիմնական պատճառն են այս պատերազմների: Այսօր մենք խաղաղության մեջ ենք ապրում, խաղաղությունն այլևս եկել է, և փառք մեր նահատակներին, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կռվել են, պատերազմել են, զոհվել են, որ այսօր մեր երեխաները խաղաղություն ունենան, և մեր խոնարհումը այդ բոլոր մարդկանց»:

Leave a Comment