Անիծվի այն օրը, որ ընտրեցի Ձեզ. զոհվածի մայրը՝ Փաշինյանին – armeniatoday.am

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքն ընդհատվել է միջադեպով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մոտեցել 2023 թվականի հունվարին Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ պահանջելով պատասխան տալ որդու մահվան համար։

Վարչապետի կողմնակիցների վանկարկումների ֆոնին Փաշինյանը հորդորել է հարգալից լինել զոհվածի ծնողի նկատմամբ։

«18 տարի երեխա պահեցի, տվեցի բանակին, ո՞ւր է որդիս։ Ինչո՞ւ տարաք 15 երեխու վառեցիք։ Մի բաժակ բենզին որ լցնեմ քո վրա, կվառվե՞ս. չե՛ս վառվի։ Ինչո՞ւ 15 երեխա վառվեց, պատասխա՛ն տուր»,- բացականչել է կինը։

Փաշինյանի՝ մոտենալու փորձերին ի պատասխան տիկինն էմոցիոնալ նշել է, որ հիասթափված է իշխանությունից:

«Զզվում եմ ձեզանից «…» Ես Ձեզ երկու անգամ ընտրել եմ, բայց անիծվի այդ օրը։ Դուք սպանեցիք այդ 15 երեխուն, հիմա եկել ասում եք՝ դպրոց կառուցեցինք։ Ինչի՞ համար եք սարքում, որ թուրքերը գան լցվե՞ն։ Ես չեմ ուզում, որ իմ երեխան թուրքի բաժին դառնա»։

Վարչապետը պարզաբանել է, որ Ազատի հրդեհի գործն այժմ դատարանում է, իսկ պատասխանատուները հեռացվել են համակարգից։

«Գործը դատարանում է, ընթանում է դատավարություն։ Կորպուսի հրամանատարն ու տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից։ Այդ ազատված կորպուսի հրամանատարի տեղակալ Մախսուդյան կոչվածն էլ դարձել է ընդդիմադիր ակտիվիստ, ինչո՞ւ չեք գնում դրանցից պահանջում»,- հայտարարել է Փաշինյանը։

Ելույթի վերջում նա նշել է, որ հարգում է «սուգը», բայց հորդորել «թուրքեր-մուրքեր» ձևակերպումներ չանել։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 

2023 թվականի հունվարի 19-ին տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, ևս 3-ը ստացել էին վնասվածքներ։ Զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ չհավատալով պաշտոնական վարկածին և պահանջելով արդար քննություն։ Գործով մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն դատական գործընթացը մյուս պատասխանատուների մասով դեռ շարունակվում է։

Leave a Comment