Արշակունյաց պողոտայում գտնվող բիայնական դամբարանից գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր՝ մ․թ․ա․ 8-րդ դարի գտածոներ՝ փոքր թաս, որի մեջ թռչունի նշանով կնիք է և փականի մաս, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հնագիտական պեղումների՝ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները նշված դարաշրջանի եզակի նմուշներ են։
Գողությունն ապրիլի 24-ին կատարել են Երևանի բնակիչ՝ 35-ամյա և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 36-ամյա անձինք։ Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը, իսկ 36-ամյա տղամարդը իրավապահներին հանձնել է գողոնը։