«Ուսանողներին պարտադրել են ՔՊ-ի հավաքին մասնակցել»․ Թաթոյանի ձայնագրությունը

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին առնչվող ձայնագրություն է հրապարակել։

Թաթոյանը հայտարարել է, որ, ըստ ձայնագրության, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին։

Հրապարակված ձայնագրությունում լսվում է, թե ինչպես անձը ուսանողներին կոչ է անում հաջորդ օրը ժամը 17:00-ին հավաքվել հրապարակում՝ ընդգծելով, որ մասնակցությունը «հանձնարարված» է։

«Ուղղակի այնպես չանեք, որ ես գնամ, կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ ոք չկա։ Ես պիտի իմ տնօրինության երեսը բարձր անեմ, դուք էլ՝ իմ»,- ասվում է ձայնագրությունում։

Մեկ այլ հատվածում նշվում է, որ հրապարակում համերգ է լինելու, սակայն նաև ընդգծվում է, որ «մաքսիմալ շատ ներկայություն» ապահովելու հանձնարարություն կա։

Երբ ուսանողներից մեկը հարցնում է, թե արդյոք խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին է, զրույցի մասնակիցը պատասխանում է. «Ես էլ շատ բան գիտեմ, եկեք չքաղաքականացնենք, ավելորդ ոչինչ չգրենք։ Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք հրապարակ, եղա՞վ»։

Թաթոյանը հայտարարել է, որ ձայնագրությունում խոսող անձը, իր տվյալներով, ոչ միայն դասախոս է, այլ նաև Արմավիրում ՔՊ-ի ավագանու անդամ։ Նրա խոսքով՝ իրենք համապատասխան մարմիններին կներկայացնեն հաղորդումներ, սակայն անձին դիմած աղբյուրների ինքնությունը չեն բացահայտի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Armenia Today-ի հարցին, անդրադարձել էր մարզերում քաղաքացիներին իշխանամետ ուժի հանրահավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ տեղեկություններին։ Նա նշել էր, որ մարդկանց ՔՊ-ի հանրահավաքների գնալ ստիպող պաշտոնյաները կազատվեն աշխատանքից։

Կարդացեք նաև՝

Մարդկանց մեր հանրահավաքների գալ ստիպող պաշտոնյաները կազատվեն աշխատանքից․ Փաշինյան

Փաշինյանը մեկնաբանել է ՔՊ-ի քարոզարշավին դպրոցականների մասնակցությունը

Քարոզարշավին ուսուցիչների ենթադրյալ ապօրինի մասնակցության հարցով քննություն կսկսվի

Leave a Comment