Հայաստանում գործարկվել է իրավական աշխատանքի ավտոմատացման LexAI հարթակը

Հայաստանում գործարկվել է իրավական աշխատանքի ավտոմատացման LexAI հարթակը՝ ստեղծված իրավաբանների ամենօրյա աշխատանքն արագացնելու եւ ժամեր տեւող առօրյա գործընթացներն ավտոմատացնելու համար։

Հարթակը հասկանում է հայերեն իրավաբանական լեզուն եւ աշխատում է ՀՀ օրենքների եւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համատեքստով՝ այն դարձնելով գործնականորեն կիրառելի իրավաբանների համար։

LexAI -ի միջոցով իրավաբանը կարող է վերլուծել դատական գործի նյութերը, ուսումնասիրել օրենքն ու նախադեպերը, ստանալ ռազմավարության առաջարկներ եւ ընտրության հիման վրա ձեւավորել դատարան ուղարկվող դիմումի կամ բողոքարկման փաստաթղթի նախագիծը։

LexAI -ից արդեն օգտվում է 100-ից ավելի իրավաբան։ Ըստ օգտատերերի՝ այն աշխատանքը, որը նախկինում կարող էր տեւել 4–5 ժամ, որոշ դեպքերում հարթակի միջոցով հնարավոր է կատարել մոտ 20–30 րոպեում։

«Իրավական ոլորտի համար տեխնոլոգիական գործիքը պետք է ոչ միայն տեքստ ստեղծի, այլ հասկանա իրավական լեզուն, օրենսդրական միջավայրը եւ դատական պրակտիկան։ LexAI-ը ստեղծվել է հենց այդ տրամաբանությամբ՝ հաշվի առնելով հայաստանյան իրավական աշխատանքի առանձնահատկությունները։ Մենք հրավիրում ենք իրավաբաններին փորձել հարթակը եւ գնահատել, թե ինչպես այն կարող է հեշտացնել իրենց ամենօրյա աշխատանքը»,- նշել է LexAI համահիմնադիր Սեդա Թունյանը

«Համակարգը նախատեսված է ՀՀ դատավարական գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Նրանք կարդում, լսում, ուսումնասիրում ու վերլուծում են մեծ ծավալի նյութեր։ LexAI-ը ստեղծվել է, որպեսզի դատավարական գործընթացի մասնակիցները կարողանան կենտրոնանալ իրենց մասնագիտական դատողության եւ ռազմավարության վրա, իսկ տեխնոլոգիան օգնի կատարել ժամանակատար աշխատանքը էականորեն ավելի արագ եւ համակարգված»,-իր հերթին ասել է LexAI-ի համահիմնադիր եւ տնօրեն Անդրանիկ Երիցյանը: 

Ներկայումս LexAI-ը հասանելի է Հայաստանի շուկայում, իսկ աշնանից ընկերությունը նախատեսում է մուտք գործել նաեւ նոր շուկաներ։

LexAI  մասին 

ԼեքսAI –ն առաջին հայկական տեխնոլոգիական ընկերությունն է, որը ստեղծում է իրավական աշխատանքի ավտոմատացման գործիքներ։ Ընկերության լուծումները համադրում են AI տեխնոլոգիաները, հայերեն իրավաբանական լեզվի ընկալումը եւ տեղական իրավական համատեքստը՝ իրավաբանների աշխատանքը դարձնելով ավելի արագ, համակարգված եւ արդյունավետ։

Leave a Comment