Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան




 


 


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին: Ուղերձում ասվում է.


 


«Սիրելի՛ քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։


 


Տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ընտանիքի դերն իրավագիտակից հասարակության ձևավորման և պետության զարգացման գործում։ Այս նպատակով պետության քաղաքականության առանցքում շարունակում է լինել այնպիսի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը, որոնք միտված են ծնելիության աճի խթանմանը, ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։


 


Մասնավորապես շարունակվում է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների տրամադրման և ընդլայնման գործընթացը․ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ ամսական 50 հազար դրամ աջակցությունն արդեն իսկ սահմանվել է որպես պետական նպաստ, իսկ 2026թ․ սեպտեմբերի 1-ից կբարձրանա նաև առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 300 հազար դրամից դառնալով 500 հազար դրամ։ Երեխա ունեցող ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը ևս շարունակում են դրական ցուցանիշներ արձանագրել։


 


Ոլորտային քաղաքականության առաջնահերթություններից են նաև հղիության և հետծննդաբերական շրջանում կանանց համար աշխատանքային ճկուն հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև ավագ սերնդի մեր սիրելի ներկայացուցիչների առողջ և ակտիվ ծերացմանն ու ներուժի օգտագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը։


 


Սիրելի՛ քաղաքացիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում եմ բարեկեցություն, առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին»:


 


 


Leave a Comment