ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Վաղարշապատի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և մյուս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ մայիսի 15-ին, նախագահությամբ Ս․ Պետրոսյանի անցկացվեց հերթական նիստը։ Նիստի ընթացքում Հանրային մեղադրողի ներկայացուցիչը ներկայացրեց շինարարատեխնիկական փորձագիտական եզրակացությունը, նշելով, որ դրա մեծ ծավալով պայմանավորված ուսումնասիրել է միայն վերաբերելի հատվածը։ Հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը ներկայացրեց նաև փորձագիտական եզրակացությունից բխող հարցերը և փորձագետի կողմից դրանց տրված պատասխանները։ Հարցերը վերաբերում էին քաղաք էջմիածնում օտարված հողամասերին։ Փորձագիտական եզրակացության հրապարակումից հետո պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ փորձագետին առաջադրվել են միայն իրավական հարցեր և նրան չեն ուղղվել օրենսդրությամբ սահմանված համապատասխան հարցեր։
Նշեց նաև որ հավանական է՝ հետագայում հանդես գան միջնորդությամբ ներկայացված ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Մինչև հաջորդ ապացույցի ներկայացնելը, հայտարարությամբ հանդես եկավ նաև Դիանա Գասպարյանը, նշելով, որ օտարված հողամասի կարգավիճակի վերաբերյալ կան երկու տարբեր տեսակետներ, թե արդյո՞ք հողամասը մտնում է ՀՕ 60-րդ հոդվածի կարգավորումների մեջ։ Ներկայացվեց ևս մեկ՝ դատաապրանքագիտական փորձագիտություն, ինչպես նաև արձանագրություն։
Արձանագրության հետազոտման փուլում պաշտպանական կողմը միջնորդել է դատաքննության տվյալ հատվածն անցկացնել դռնփակ կարգով՝ պատճառաբանելով, որ նյութերում առկա են բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և նիստի հետագա մասը շարունակվել է դռնփակ պայմաններում։
Հիշեցնենք, որ Քրեական վարույթի հիմքում ընկած է 2024 թվականի հունվարի 26-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ստացված հաղորդումը, որը ներկայացվել էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից՝ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա։
2024 թվականի հունվարի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Հետագայում դրան միացվել են ևս մի քանի վարույթներ, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հայտարարագրման հետ կապված ենթադրյալ խախտումների և այլ դրվագների վերաբերյալ։
Էջմիածնի նախկին համայնքապետին և մյուսներին վերագրվող մեղադրանքները վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործությունների, ինչպես նաև հայտարարագրման հետ կապված խախտումների։