Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այժմ հեշտ չեն՝ հաշվի առնելով Արևմուտքի փորձերը՝ Հայաստանն իր ազդեցության տակ վերցնելու ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը փորձում է Հայաստանը ներքաշել իր ազդեցության գոտի, ինչի հետևանքով Երևանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները։
Լավրովը նաև ափսոսանք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին չի մասնակցի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին։
«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ պահպանվում են, և դրանք մնում են սերտ, դաշնակցային հարաբերություններ։ Սակայն միևնույն ժամանակ դրանք բարդ են՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանը, ինչպես նաև ԱՊՀ որոշ այլ անդամ երկրների, ենթարկել իր ազդեցությանը և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։