«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցը՝ այն որակելով որպես «ամոթալի հարված ժողովրդավարությանը»։
Իրավապաշտպանը, ով վերջերս է վերադարձել Հայաստանից, նշել է, որ կառույցի ներկայացրած փաստերը ծայրահեղ աղավաղված են և միակողմանի, ինչը լուրջ հարված է հասցնում ԵԽԽՎ հեղինակությանը։
Ամստերդամը հայտարարել է, որ ցնցված է այն աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Փաստաբանի պնդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում եկեղեցին կործանելու և հոգևոր առաջնորդին հեռացնելու ուղղությամբ, սակայն զեկույցի հեղինակները նախընտրել են լռել պետական ռեսուրսների բացահայտ չարաշահման և եկեղեցականների ապօրինի կալանավորումների մասին, ինչը նա որակել է որպես «քաղաքական երեսպաշտություն»։
Ամստերդամը նաև իր մտահոգությունն է հայտնել Արևմուտքի՝ Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ։ Նա սարսափելի է որակել այն փաստը, որ արևմտյան առաջնորդները մասնակցել են Փաշինյանի նախընտրական միջոցառմանը՝ անտեսելով իրավունքի գերակայության զանգվածային խախտումները։ Իրավաբանը շեշտել է, որ Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը Եկեղեցին է։
Փաշինյանը 2025 թվականից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հունվարի 5-ին նա մի խումբ հոգևորականնեի հետ ստորագրել էր ՀԱԵ «բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է կաթողիկոսի հրաժարականը։
Փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր Մայր Աթոռի կողմից նշանակված բանակային սպասավորների ծառայությունը։ Նախընտրական ծրագրում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր նաև եկեղեցուն հարկելու և կառուցվածքը բարեփոխելու մտադրության մասին։
