BBC-ի ռուսական ծառայությունը այտնում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի խափանման միջոցի ընտրության դատական նիստի ժամանակ դատախազությունը ուշագրավ մանրամասներ է հրապարակել նրա գործունեության վերաբերյալ։
Ըստ քննության տվյալների՝ Երմակը պետական կարևորագույն պաշտոնների նշանակումների հարցում խորհրդակցել է աստղագուշակի հետ, ով նրա հեռախոսում գրանցված է եղել «Վերոնիկա Ֆենշույ Օֆիս» անունով։
Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ խորհրդավոր աստղագուշակը 51-ամյա կիևաբնակ Վերոնիկա Անիկիևիչն է (սոցցանցերում՝ Վերոնիկա Դանիլենկո)։ Դատարանում ընթերցված նամակագրության համաձայն՝ Երմակը նրան է ուղարկել պետական պաշտոնների թեկնածուների, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի և առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոյի ծննդյան տվյալները՝ եզրակացություն ստանալու նպատակով։ Բացի այդ, նրանք քննարկել են հայտնի լրագրողների և պատգամավորների վերաբերյալ հարցեր։
Հատկանշական է, որ ըստ քննության՝ Անիկիևիչը Երմակին խորհուրդ է տվել ժամանակին լքել երկիրը՝ նշելով, որ նրա դեմ «լուրջ ապացույցներ չկան»։ Լրացուցիչ սկանդալային երանգ է հաղորդում այն փաստը, որ աստղագուշակի հայրը՝ Ֆյոդոր Անիկիևիչը, բնակվում է ռուսական օկուպացիայի տակ գտնվող Գենիչեսկում և, ըստ լրատվամիջոցների, ստացել է ՌԴ անձնագիր։
Ինքը՝ Անդրեյ Երմակը, դատարանում հերքել է կապը գուշակների հետ՝ հայտարարելով, թե երբեք նման ծառայություններից չի օգտվել։ Նախագահի գրասենյակը նույնպես հրաժարվել է լուրջ մեկնաբանություն տալ՝ «էզոթերիկան ու ֆենշույը» համարելով ոչ տեղին թեմա քննարկման համար։
