Որպես կանոն ցանկացած կառուցապատում պետք է իրականացվել օրենքով սահմանված կարգով։ Սակայն շատերը չգիտեն, որ առանց թույլտվության կառուցված շինությունները համարվում են ինքնակամ կառույց և ենթակա են հաշվառման և օրինականացման։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումները սահմանում են ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման կանոնները։
Ի՞նչ է ինքնակամ կառույցը
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Քանդում
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
Հաշվառում
ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ Կադաստրի կոմիտեում չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով պատվիրատուն դիմում է չափագրողին։
Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ չափագրող է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության և քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ստացած անձը։
Որոշման 7-րդ կետի համաձայն՝ համաձայնագիրը ստորագրվելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը ներբեռնում է առցանց չափագրման գրասենյակ։
Որոշման 8-րդ կետի համաձայն՝ հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից։
Օրինականացում՝ քաղաքացիների սեփական հողամասերում
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 8-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում (տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամասեր) գտնվող՝ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) շենքերը, շինությունները կարող են ճանաչվել օրինական, եթե դրանք բավարարում են օրենսգրքի 188-րդ հոդվածով և կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Որոշման 9-րդ կետի համաձայն՝ հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին։
Որոշման 10-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում։
Որոշման 13-րդ կետի համաձայն՝ ինքնակամ կառույցն օրինական ճանաչվելու դեպքում հողամասի սեփականատերը համապատասխան բյուջե պետք է մուծի հետևյալ դրույքաչափերով վճարներ՝
- ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով,
- բնակելի տներին և այգետնակներին կից ինքնակամ կառուցված տնտեսական և օժանդակ կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ քաղաքային համայնքներում՝ բազային տուրքի 10-ապատիկի, գյուղական համայնքներում՝ 6-ապատիկի չափով։
Որոշման 14-րդ կետի համաձայն՝ հասարակական և (կամ) արտադրական կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ մինչև 200 քառ. մետր կառույցների համար՝ 30, իսկ 200 քառ. մետրից ավելիի դեպքում՝ 60-օրյա ժամկետում։
Որոշման 16-րդ կետի համաձայն՝ վճարները հետևյալ դրույքաչափերով են՝
- հասարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով,
- արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 15-ապատիկի չափով։
Օրինականացում՝ բազմաբնակարան շենքերում
Որոշման 25-րդ կետի համաձայն՝ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում՝ շենքերի ծավալից դուրս՝ բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցները (պատշգամբ, սենյակ, խոհանոց և այլն) շենքի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացության առկայության դեպքում ճանաչվում են օրինական՝ համայնքի ղեկավարի որոշումներով։
Որոշման 26-րդ կետի համաձայն՝ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարաններում կամ ոչ բնակելի տարածքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների և պատուհանների ինքնակամ ձևափոխումները, եթե այդ ձևափոխումներն իրականացված չեն աստիճանավանդակների կամ շենքի արտաքին պատերի հաշվին, և չեն փոխվել կրող կոնստրուկցիաները և սեփականատերերի բաժնային սեփականությունը, ճանաչվում են օրինական՝ որոշման հիման վրա, առանց տվյալ շենքի մյուս սեփականատերերի համաձայնության։
Որոշման 27-րդ կետի համաձայն՝ եթե ձևափոխումներն իրականացված են աստիճանավանդակների կամ շենքի արտաքին պատերի հաշվին, և (կամ) փոխվել են կրող կոնստրուկցիաները, կարող են ճանաչվել օրինական՝ իրավասու մարմնի որոշմամբ, առանց տվյալ շենքի մյուս սեփականատերերի համաձայնության։
Որոշման 28-րդ կետի համաձայն՝ բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով (եթե դրանց արդյունքում փոփոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը) շենքի սեփականատերերը դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումին կցելով շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը։
Որոշման 32-րդ կետի համաձայն՝ վճարները հետևյալ դրույքաչափերով են՝
- շենքերի ծավալից դուրս կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 3-ապատիկի չափով,
- ինքնակամ ձևափոխված յուրաքանչյուր դռան և (կամ) պատուհանի համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով,
- շենքի ծավալում կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով։
Մերժում
Որոշման 44-րդ կետի համաձայն՝ ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում օրենսգրքի 188-րդ հոդվածով և կարգով սահմանված օրինականացման պայմանները կամ ներկայացված չէ բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը։
Ուշադրություն. ինքնակամ կառույցը համարվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կառուցված շինություն։ Ինքնակամ կառույցը պետք է հաշվառվել Կադաստրի կոմիտեում չափագրողի միջոցով։ Օրինականացումը կատարվում է համայնքի ղեկավարի որոշմամբ՝ սահմանված վճարների մուծումից հետո, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Iravaban.net–ին։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։