Ի՞նչ կլինի, եթե հունիսի 7-ին ընտրողին հնարավորություն տրվի դեմ քվեարկելու ընտրությունների մասնակցող բոլոր ուժերին։ «Բոլորին դեմ եմ» նորաստեղծ կուսակցության անդամները վստահ են՝ հենց այս տողի հայտնվելը քվեաթերթիկներում հանրությանը հնարավորություն կտա մերժելու անարդյունավետ գործիչներին։ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քվեաթերթիկը երկրորդն է, վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։
Կուսակցության քարոզարշավը, թերևս, ամենատարբերվողներից է։ Սկսել են ցեխ շպրտելով, այսօր ջուր են ծեծել ու խոստանում են սրանով չսահմանափակվել։
Այսօր «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իր համակիրներին հրավիրել էր Կարապի լիճ՝ նախընտրական «ջուր ծեծելու»։ Կուսակցության անդամները համոզված են՝ եթե քաղաքական ուժերն ամեն օր կարող են զբաղվել դրանով, ապա քաղաքացիներին ոչինչ չի խանգարում նույնն անել։
Ջուրը, սակայն, ծեծվեց ոչ թե լճում, այլ լճից դուրս դրված նավակում: Քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ Կարապի լիճը դատարկվել է սանիտարական մաքրման նպատակներով։
Քաղաքական ուժի ներկայացուցիչներն այս մասին տեղեկացել են առավոտյան, ընդունել են ի գիտություն, բայց իրենց վարկածն ունեն՝ ընտրարշավի մասնակից 18 ուժերն իրենց բոլոր ներկայացուցիչներով այնքան են ջուր ծեծել, որ լիճը դատարկվել է:
Իշխան Գևորգյանի խոսքով՝ իրենք ոչ մեկից ձայն փախցնելու խնդիր չունեն և ընտրապայքարին բոլորովին այլ նպատակով են մասնակցում։
«Մենք միակն ենք, որ չունենք գաղափարական այնպիսի ծրագրեր կամ «իզմեր», և մենք հավակնում ենք միայն բոլորին դեմ մարդկանց ձայներին. մենք երբեք այլ ընտրողի կոչ չենք անում ընտրել մեզ։ Օրինակ՝ մեր քարոզարշավի ժամանակ, եթե որևէ մեկն ասում է, որ ինքն ընտրելու է այսինչ մարդուն, մենք այդ մարդուն բաց ենք թողնում և չենք խոսում նրա հետ։ Մենք հավակնում ենք ընտրության չգնացող մարդկանց և «բոլորին դեմ» քվեարկողների ձայներին։
«Բոլորին դեմ եմ»-ը քարոզարշավի սկսել էր ոչ պակաս ուշագրավ մեկ այլ ակցիայով՝ ցեխ նետելով այն պաստառի վրա, որտեղ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի տարբերանշաններն էին, այդ թվում` իրենցը։ Քաղաքական ուժի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ այս պահին կուսակցությունները «ցեխ են շպրտում» միմյանց վրա, իսկ իրենք հնարավորություն են տալիս մարդկանց իրական պայմաններում կատարել այդ գործողությունը: Առաջինը ցեխ էր շպրտել ուժի խորհրդանիշ «Սարդ-մարդը»։
«Առաջինն այս գործողությունն իրականացնելու է մեր Սարդ-մարդը (Spider-Man), ով մեր գլխավոր հերոսն է. նա այս պահին ցեխ կշպրտի, և մենք կտեսնենք, թե որ ուժին այն կկպնի։ Ովքեր ցանկանում են ևս ցեխ շպրտել, մենք այստեղ ունենք և՛ ձեռնոցներ, և՛ ցեխով դույլ. կարող եք գալ և նետել այն ուղղությամբ, որով կցանկանաք»։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը կանխավ արձագանքել էր բոլոր նրանց, ում կարծիքով ակցիան անլուրջ էր։
« Սա անլրջություն չէ. մենք սրանով պատկերավոր ցույց ենք տալիս, թե ինչ է տեղի ունենում մեր դաշտում այս պահին»։
Նինա Կարապետյանցի խոսքով՝ քանի որ նորաստեղծ ուժը չունի շատ ռեսուրսներ, այս պահին միայն ոչ սովորական ակցիաներով կարող է դաշտում տեսանելի դառնալ։
«Մենք չունենք միլիարդներ, չունենք ադմինիստրատիվ ռեսուրսներ, այսինքն՝ մենք որևէ հնարավորություն չունենք։ Այս պահին մեր հնարավորությունը սա է՝ «խայպ» անելը, ի տարբերություն մյուսների, որոնք շատ լուրջ դեմքերով գալիս են խոսելու։ Մենք ասում ենք, որ սա «խայպի» էլեմենտ ունի»։
«Բոլորին դեմ եմ» շարժումն իր անելիքը 4 հիմնական գործողություններով է պատկերացնում։ Առաջին քայլով մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, երկրորդ քայլով ՝ 100 օրվա կառավարություն են ձևավորում։ Այդ ընթացքում նախատեսում են ընտրական օրենսդրությանը վերաբերող 3 կարևոր փոփոխություն կատարել։ Առաջինը ընտրական օրեսգրքից «կայուն մեծամասնության» դրույթի հեռացումն է, երկրորդը՝ ընտրական շեմի իջեցումը։
«Մենք գալիս ենք շատ կոնկրետ խնդրանքով՝ մեզ տալ ձայներ, որպեսզի մենք 100 օրվա ընթացքում իրականացնենք փոփոխություններ, որոնց արդյունքում կփոփոխվի անցողիկ շեմը, մասնավորապես՝ կիջնի մինչև 1 տոկոս։ Սա թույլ կտա, որպեսզի նորաստեղծ կուսակցությունները, որոնք ամեն անգամ մասնակցում են ընտրություններին և չեն կարողանում հաղթահարել այն տարբեր պատճառներով՝ այդ թվում ֆինանսական, ինչպես նաև քիչ ճանաչելի լինելու պատճառով, բայց ունեն հրաշալի գաղափարներ և մտքեր, կարողանան հայտնվել քաղաքական դաշտում»։
Որպես երրորդ քայլ՝ առաջարկում են քվեաթերթիկներում ներառել «բոլորին դեմ եմ» տողը, ինչը հանրությանը հնարավորություն կտա մերժելու անարդյունավետ գործիչներին և ստիպելու նրանց լինել ավելի հաշվետու։
Թե ինչու պետք է հանրությունն ընտրի «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը, վարչապետի թեկնածուն այսպես է բացատրում։
«Շատ պարզ տրամաբանությամբ, որովհետև ոչ մի այլ քաղաքական ուժ չի ներկայացնում բոլորի համար այսչափ ձեռնտու նախագիծ։ Մենք չենք գալիս հինգ տարվա մեծ նախագծերով ու խնդրանքով՝ մեզ իշխանության հնարավորություն տալ, նախագծեր, որոնց մեծ մասը կյանքում չի իրականացվելու, իսկ հետո ոչ մեկը դրա համար անգամ ներողություն չի խնդրելու։
Ի դեպ , քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասում են, որ ցեխ շպրտելով և ջուր ծեծելով չեն սահմանափակվելու՝ քարոզարշավի ընթացքում ուշագրավ այլ ակցիաներ խոստանալով։