Հայաստան՝ «Սինգապուրի բանաձևով», անվճար տրանսպորտ ու վարձու բանակ․ «Քոչարի»-ն՝ ցուցակում 9-րդ-ը, պնդում է իր բացառիկ լինելը   

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո։ Այն ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Քաղաքական ուժի հիմնական շեշտադրումներից են ազգային արժեքների պաշտպանությունը, վարձու մարտիկներով ուժեղ բանակի ձևավորումը, անվտանգության 1200 էջանոց իրենց ծրագրի համաձայն անվտանգության համակարգի ապահովումը, գույքահարկերի  զրոյացումը, ինչպես նաև ազգային վերածննդի գաղափարախոսությունը։

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը նորաստեղծ քաղաքական ուժ է, որի պաշտոնական գրանցման մասին հայտարարվեց այս մարտին՝ մի քանի ամիս տևած կազմակերպչական և իրավական գործընթացներից հետո։ Կուսակցությունն իր ծրագրերում շեշտադրում է ազգային արժեքների պահպանումը, բանակի վերակազմավորումն ու ազգային վերածննդի գաղափարախոսությունը։

Ընտրություններին կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Արտակ Սարգսյանին։ Վերջինս քաղաքական դաշտում առավել հայտնի դարձավ հենց այս նախաձեռնությամբ։ Հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն քաղաքական նոր ուժի ստեղծումը, այլև տարբեր հարցազրույցներում նրա ներկայացրած ոչ ստանդարտ պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ խոսելով «ազգային զարթոնքի», ավանդական արժեհամակարգի և Հայաստանի՝ տարածաշրջանային կենտրոն դառնալու մասին։

Հաղթանակը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլ ապագայի նպատակ. սա «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության կարգախոսներից մեկն է։ Ուժի առաջարկներն են քաղաքային անվճար տրանսպորտ, գույքահարկից ազատում, Հայաստանը երեք տարում ազատ մաքսային գոտի կամ, իրենց ձևակերպմամբ, Կովկասի Դուբայ դարձնել։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը վստահեցնում է, որ ժողովրդին չի խաբելու։ 

«Մենք ասում ենք, որ Ազգային ժողովը պետք է դառնա սահմանադրական հանձնաժողով։ Մենք գաղտնազերծելու ենք 44-օրյա պատերազմի ամբողջ էդ հանձնաժողովի նյութերը։ Գաղտնազերծելու ենք, և եթե կա այնտեղ պակաս բաներ, սկսվելու են նոր հետաքննություններ։ Չենք ճանաչելու Ադրբեջան պետությունը, և ձգտելու ենք, որ Ադրբեջանը լուծարվի և այնտեղի այդ բռնի միացված կովկասյան ազգերը, որ բռնի միացված են, ապրեն կոնֆեդերացիայի սկզբունքով։ Առաջարկները, իրոք, շատ են, թե բանակի ռեֆորմացիաները լինեն պրոֆեսիոնալ և նույնիսկ փուլային հրաժարվել անպայման բանակային ծառայությունից»։

Կանոնավոր բանակ պահելն ավելի հեշտ չէ, կարծում է Սարգսյանը։ Ըստ նրա՝ այսօր մենք պատերազմի եզրին ենք, իսկ այս ուժը պատերազմ վարելու իր մոտեցումներն ունի՝ այն պետք է վարել հարևանի հողի վրա․ մեջբերում, այդպես այդ պատերազմում այլևս մեր զինվորները չեն զոհվի։ Ինչ է սա նշանակում․ մանրամասնում է Սարգսյանը։ 

«Մենք վաղուց առաջարկել ենք բերել մասնավոր բանակներ, նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ մենք առաջարկել ենք, և առաջարկը մերժվեց, և օրենք ընդունվեց, որ, այսպես կոչված, վարձկանները քրեորեն պատժելի են»։

«Քոչարի» կուսակցության թեզերից է մոտ 80 հազարանոց վարձու բանակ բերել երկիր՝ նաև կորցրած տարածքները վերադարձնելու համար։ Վարձու բանակներն էլ բերելու են հիմնականում աֆրիկյան երկրներից, Շրի Լանկայից, Ֆիլիպիններից։ Համոզված են, որ այդ մարտիկները պատրաստ կլինեն հանուն քրիստոնեական գաղափարախոսության, հանուն վճարի կռվել Հայաստանի համար, ինչպես շատ դեպքերում են կռվել։ Երկրի պաշտպանության հարցում էլ առաջնային տեղ են տալիս բարձր տեխնոլոգիաներին։ 

«Մենք մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունենք, շատ լուրջ խնդիր ունենք, և եթե ֆուտբոլի թիմը կարողանում է մասնագետ բերի, որ թիմը զարգացնի, ապա պետությունը պետք է դիմի այդ մեթոդին, բերի բարձր մակարդակի ռազմական մասնագետներ, որպեսզի մեր բանակը զարգանա և սովորի նրանցից»։

Ըստ Սարգսյանի՝ պատերազմը դեռ շարունակվում է, քանի որ, նրա ձևակերպմամբ, Ալիևն իր կարգախոսներից չի հրաժարվել, ինչի մասին վկայում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։ Այսինքն՝ պատերազմելու մտադրություն ունի ոչ թե «Քոչարի»-ն, այլ, ըստ իրենց՝ Ադրբեջանը։ Հետևաբար, խաղաղության վերաբերյալ իրենց մոտեցումներն էլ այլ են։

«Իհարկե, բոլորն էլ  խաղաղություն են ուզում,  մանավանդ՝ ով մի փոքր ռազմական գիտություններ ունի, հասկանում է, որ պատերազմի դեպքում առաջին բեռը ընկնում է հենց  իրենց  վրա, բայց չպետք է վախենալ այդ պատերազմից և չպետք է ժողովրդին  էլ  խաբել, թե պատերազմ չի լինելու և հետո էլ գալ ու ժողովրդին համոզել, որ եթե զիջում չանենք, պատերազմ է լինելու»։

Հենց այս նպատակով էլ կուսակցությունը լուրջ ռեֆորմներ է առաջարկում բանակում։ Անվտանգության ծրագիր են գրել՝ բաղկացած մոտ 1200 էջից։ Կուսակցության վարչապետի թեկնածուն նշում է, որ ընտրողին ներկայացվող իրենց մոտեցումները հստակ են։ Համոզված են, որ իրենց ծրագրային դրույթները  յուրօրինակ են ու անկրկնելի։

Արտաքին քաղաքականության մասով․ այս ուժի վարչապետի թեկնածուն ասում է, որ բոլոր կենտրոնների հետ էլ պատրաստ են գործակցել, սակայն ոչ զիջումներով, այլ հայկական շահի պաշտպանությամբ ու տնտեսական ծրագրերով, օրինակ՝ երեք տարում Հայաստանը ազատ տնտեսական գոտի դարձնելով, որի դեպքում որևէ բևեռում լինելու կարիք չի լինելու։   

«Մեր արտաքին քաղաքականությունը բևեռներից հրաժարվել է՝ ստեղծել Հայաստանը Սինգապուրի պես մի երկիր, այսինքն՝ լավ հարաբերություններ Չինաստանի և Արևմուտքի հետ, Սինգապուրի բանաձևը։ Հայաստանը, երբ  բևեռներ ընտրել է, միշտ տուժել է, և Հայաստանը պետք է ուղղակի դառնա կամուրջներ բոլոր ռեգիոնալ կոնֆլիկտների վերացման համար»։

Սոցիալ-տնտեսական խնդիրների մասով․ «Քոչարին» պնդում է իր՝ միակ կուսակցություն լինելը, որն առաջարկում է ժողովրդի բեռի թեթևացում։

«Մեր առաջին  որոշումը լինելու է անվճար քաղաքային տրանսպորտ և գույքահարկերի  զրոյացում։ Գույքահարկ չի լինելու»։

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» Կուսակցության վարչապետի թեկնածու, ընտրական ցուցակի առաջին համար Արտակ Սարգսյանը շեշտում է, որ հատուկ ծրագիր ունեն սահմանամերձ շրջանների համար.

«Մենք առաջարկել ենք սահմանամերձ գյուղերը դարձնել աքսորավայրեր, այսինքն՝ կալանավայրերի բեռը թեթևացնել, կալանավորներին, պրոբացիայի ծառայության հետ գործությամբ ուղարկել սահմանային գյուղերը, որոնք որ դատարկվում են։ Համազգային համաներում, բացի սպանության գործերից, բռնաբարություններից, մանկապղծություններից։ Այս ծանր հանցագործությունների մի քանի տեսակ կա, որ համաներման տակ չի մտնելու»։

Առաջարկում են վերանայել նաև խոշոր և ռազմավարական ձեռնարկությունների վաուչերային երբեմնի սեփականաշնորհումը, որի արդյունքում դրանք կարող են վերադարձվել պետությանը։ Ծրագրային դրույթներից մեկն էլ Հայաստանն արևային կայաններով ապահովելն է, որը հնարավորություն կտա կախում չունենալ ներկրվող էներգակիրներից։ Դեռ վաղ է շանսերը գնահատել, բայց թե՛ խորհրդարան անցնելու, թե՛ հաղթելու հնարավորություն տեսնում է կուսակցության վարչապետի թեկնածուն՝ հիշեցնում քվեաթերթիկի 9-րդ համարն է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը։

Leave a Comment