Տան խուզարկություն և մեղադրանք՝ Փաշինյանին քննադատած բլոգերի նկատմամբ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի մանրամասներ է հաղորդել բլոգեր, մայիսի 12-ին բերման ենթարկված Արտակ Ավետիսյանի գործից, ում պաշտպանությունն է ստանձնել։

Ակտիվիստը Շենգավիտ վարչական համայնքում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագրի» անդամներին  ուղղված տեսաուղերձում նշել էր, որ «Շենգավիթում «հաճելի» ձևով կդիմավորեն թռածներին»։ Ժամեր անց ոստիկանությունը բերման էր ենթարկել բլոգերին։

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել էին, որ նրան ձերբակալել են ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի հատկանիշներով։

«Արտակին բավական կոշտ ձևով բերման են ենթարկել սեփական տան բակից։ Կարող էին դա անել այլ վայրում՝ հաշվի առնելով, որ նա ունի հղի կին, երեք երեխա (որոնցից երկուսը՝ անչափահաս) և տարեց մայր»,-նշել է Մելիքյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ քրեական հետապնդումն իրականացվում է ատելության և անհանդուրժողականության տարածման վերաբերյալ հոդվածով։ Նա հիշեցրել է որ նույն հոդվածով հետապնդվում էին լուսահոգի ռեժիսոր Արմեն Գրիգորյանը, ընդդիմադիր գործիչ Նարեկ Մալյանը, նաև ակտիվիստ Սամվել Վարդանյանը (ավտոբուսի միջադեպի գործով)։ 

Իրավապաշտպանը հայտնել է, որ այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։ «Նման դեպքերում խուզարկությունը ոչ թե հանցագործության հետքեր գտնելու համար է, այլ ավելի շատ ռեպրեսիվ միջոց է՝ մարդուն նեղություն տալու և վախեցնելու համար»,-նշել է փաստաբանը։

Մելիքյանը նաև հայտնել է, որ բլոգերն իր մեղքը չի ընդունում։ 

«Ենթադրում եմ, որ նրան արդեն մեղադրանք են առաջադրել 329-րդ հոդվածով։ Քննիչն ինձ տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ կլինի դատարան ներկայացվող միջնորդություն՝ խափանման միջոցի վերաբերյալ։ Դա կարող է լինել տնային կալանք կամ ամենավատ տարբերակը՝ բանտային կալանք։ Դատական նիստը կարող է տեղի ունենալ այսօր ուշ երեկոյան կամ վաղը առավոտյան։ Մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ»,-նշել է Մելիքյանը։

Leave a Comment