Իրանի իշխանությունները թույլատրել են մի քանի չինական նավերի անցնել Հորմուզի նեղուցով՝ համաձայն նեղուցի կառավարման Իրանի արձանագրության, հայտնել է FARS-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Կայքի փոխանցմամբ՝ չինական նավերի անցման համար պայմանների մեղմացումը հնարավոր է դարձել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և Իրանում Չինաստանի դեսպանի կոչից հետո։
Արդյունքում, կողմերը համաձայնության են եկել, որ մի քանի նավերի, որոնց ցանկը տրամադրել է Պեկինը, թույլատրվի անցնել այդ տարածքով, և նավերի տեղաշարժը սկսվել է մայիսի 13-ի երեկոյան։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։
