Չորրորդ երեխայի համար՝ 2 մլն դրամ, 5-րդի՝ բնակարան․ «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժի սոցիալական ծրագիրը նախատեսում է, որ Հայաստանում չորրորդ երեխայի համար յուրաքանչյուր ընտանիք կստանա 2 մլն դրամ, իսկ հինգերորդ երեխայի ծննդի դեպքում ընտանիքներին կտրամադրվի անվճար բնակարան։ «Մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար, որպեսզի նրանք կարողանան շատ երեխա ունենալ, լավ դաստիարակել իրենց երեխաներին և լավ ապագա ստեղծեն նրանց համար»,- նշել է Կարապետյանը։ Նա շեշտել է, որ Հայաստանում աճում են արտագաղթը և ամուսնալուծությունների թիվը, իսկ մարզերի զարգացման քաղաքականության բացակայությունը հանգեցնում է սահմանամերձ բնակավայրերի դատարկմանը։ Դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ներկայացրել է ժողովրդագրական ցուցանիշներ՝ նշելով, որ երկրում ծնունդները նվազել են շուրջ 12%-ով, ամուսնությունները՝ 7%-ով, իսկ ամուսնալուծություններն աճել են 28%-ով։ Նրա խոսքով՝ բնական աճը նվազել է մոտ 40%-ով, ինչը կարող է վերածվել ազգային անվտանգության խնդրի։ Կարապետյանը հաըտնել է, որ ժողովրդագրական խնդիրների լուծման համար նախատեսվում է «Ազգային վերածննդի հիմնադրամ», որը պետք է մշակի պետական քաղաքականություն՝ ծնելիությունից մինչև ընտանիքների աջակցության ծրագրեր։ Մելոյանը նաև նշել է, որ հիմնադրամը կունենա 30% պետական մասնակցություն, իսկ մնացած միջոցները նախատեսվում է ներգրավել գործընկերների աջակցությամբ։ Դաշինքը նաև հիշեցրել է ավելի վաղ ներկայացված նախաձեռնությունները՝ 300 հազար աշխատատեղ ստեղծելու և 20 հազար մատչելի բնակարան ապահովելու ծրագրերը՝ պնդելով, որ դրանք նույնպես միտված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Կարապետյանը նախօրեին առաջարկել էր 5 տարում ամեն տարի համամասնորեն 150%-ով բարձրացնել աշխատավարձերը, բացի այդ «Ուժեղ Հայաստանը» մտադիր է թոշակները բարձրացնել ևս 12 հազար դրամով։ Հունվարին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։ Կուսակցության «Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։

Leave a Comment