Թաիլանդում գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ հսկայական խոտակեր դինոզավրի մնացորդներ, որը համարվում է Հարավարևելյան Ասիայում երբևէ հայտնաբերված ամենամեծ զաուրոպոդը։Դինոզավրի քաշը հասել է 25-28 տոննայի, իսկ երկարությունը՝ մոտ 27 մետրի։ Այն ստացել է «Nagatitan chaiyaphumensis» անվանումը։
Մնացորդները հայտնաբերվել են Չայյապհում նահանգում՝ մոտ 113-120 միլիոն տարվա հնություն ունեցող կավճե դարաշրջանի շերտերում։ Պեղումները սկսվել էին այն բանից հետո, երբ տեղի բնակիչները չորացող լճակի մոտ գտել էին հսկայական ոսկորներ։
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել ողեր, կողեր, կոնքի և ոտքերի ոսկորներ։ Ոտքի ոսկորներից մեկի երկարությունը կազմել է 1,78 մետր։ Հետազոտողների խոսքով՝ այս դինոզավրը զգալիորեն մեծ էր Հարավարևելյան Ասիայում նախկինում հայտնի մյուս զաուրոպոդներից, սակայն չափերով զիջում է Արգենտինայում և Չինաստանում հայտնաբերված ամենամեծ տիտանոզավրերին։
