Մարդկանց մեր հանրահավաքների գալ ստիպող պաշտոնյաները կազատվեն աշխատանքից․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մարզերում քաղաքացիներին իշխանամետ ուժի հանրահավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ տեղեկություններին։

Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե խմբագրությունը ահազանգեր է ստանում մարզերի բնակիչներից, հատկապես պետական համակարգի աշխատողներից, որոնց սպառնում են աշխատանքից ազատել «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին չմասնակցելու դեպքում, վարչապետը կոչ է արել չենթարկվել և դիմել իրապահներին։

«Բոլոր պաշտոնյաները, որոնք վարչական ռեսուրսով մարդկանց ստիպում են, որ գան մեր հանրահավաքներին, կազատվեն աշխատանքից, բայց եթե պարզվի, որ որևէ մեկը ուզում է գալ մեր հանրահավաքին և արգելում են գալ, այդ մարդիկ նույնպես կազատվեն աշխատանքից»,- նշել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը միևնույն ժամանակ կոչ է արել բոլոր քաղաքացիներին մասնակցել իրենց հավաքներին այն դեպքերում, երբ օրենքը դա չի արգելում։ Նա հավելել է, որ եթե հայտնի դառնա, որ կոնկրետ որևէ պաշտոնյա հարկադրում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ապա վերջինս կազատվի աշխատանքից:

«Եթե որևէ մեկը հանկարծ արգելի որևէ մեկին մասնակցել մեր հավաքին, այդ արգելողին էլ կազատեն, ստիպողին էլ կազատեն․ ստիպողն էլ է պատասխանատվություն կրելու, արգելողն էլ է պատասխանատվություն կրելու»,- հավելել է նա։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Armenia Today-ի հանրային տրամադրությունների մասին հարցին և ինչպես են դրանք փոխվել 2018-ից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսնում իր հասցեին ուղղված բացասական տրամադրություններ և գտնում է, որ ժողովուրդը «ահռելի պոզիտիվ տրամադրության մեջ է»՝ կապված երկրում ընթացող փոփոխությունների և խաղաղության հեռանկարի հետ։

Leave a Comment