Հայաստանն ու Վիետնամը ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն, ինչը նպաստում է քաղաքական երկխոսության հետեւողական զարգացմանը եւ բազմակողմ հարթակներում սերտ համագործակցությանը: Այս մասին մայիսի 14-ին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարեւորել է քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումների եւ փոխայցելությունների ակտիվացման միջոցով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆան Թի Թանգը գոհունակությամբ նշել է, որ տարբեր մակարդակների շփումների եւ փոխայցելությունների շնորհիվ երկու երկրների միջեւ հաստատվել են քաղաքական՝ վստահության վրա հիմնված հարաբերություններ:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի ու Վիետնամի միջեւ տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին:
Բաբկեն Թունյանը հայտնել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում կկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Այս համատեքստում նույնպես կարեւորվել է փոխգործակցությունը եւ Վիետնամի պատվիրակության մասնակցությունը:
Արձանագրելով երկկողմ ապրանքաշրջանառության զգալի աճ՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել լրացուցիչ ջանքեր տնտեսական կապերի ընդլայնման եւ գործարար շրջանակների միջեւ գործնական հարաբերությունների սերտացման ուղղությամբ: