Արարատ Միրզոյանը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների մասին




 

Sputnik. Միրզոյանը վստահեցնում է, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որ ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։


 


ՀՀ վարած քաղաքականությունը շարունակելու է միտված լինել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Այս մասին այսօր քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը (նախընտրական քարոզարշավի ընթացքում գտնվում է արձակուրդում) ` պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունը փչացրել է հայ–ռուսական հարաբերությունները։


 


«Կարծում եմ` այդ մեղադրանքները, թե մենք փչացրել ենք հարաբերությունները առնվազն արդար չեն ու անհիմն են»,– ասաց Միրզոյանը։


 


Նա վստահեցրեց, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որ ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։


 


«Սա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացած լինի միայն այդ ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մեր մոտեցումը բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։ Այո՛, մենք ուզում են դիվեսիֆիկացնել բազմաթիվ բաներ, այդ թվում` տնտեսական կապերը… Սա մեկը մյուսի հետ կապ չունի»,– հավելեց նա։


 


Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:


 


Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:


 


Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:


 


Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։


 


 


Leave a Comment