Հայ-թուրքական երկխոսությունը այնքան հասունացած է, որ ցանկացած պահ կարող ենք ունենալ ամբողջական կարգավորում. Միրզոյան

Հայ-թուրքական երկխոսությունը այնքան հասունացած է, որ ցանկացած պահ արդեն կարող ենք ունենալ նույնիսկ ամբողջական կարգավորում, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նշելով, որ հայ-թուրքական սահմանը դեռ շարունակում է փակ մնալ, Միրզոյանը վստահություն հայտնեց, որ «առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի»: «Արդեն ուղիղ կներմուծվի ապրանքը, այժմ մաքսային իմաստով ուղիղ, իսկ ֆիզիկապես կգնա Վրաստանով տարանցում կարվի ու կմտնի Հայաստան», – ասաց Միրզոյանը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանն ու Անկարան ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նշել էր՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։

Խաղաղության պայմանագրի մասին

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ «Ազատության» հարցին Միրզոյանն ասաց. «Մենք ունենք Ադրբեջանի հայտարարություն այն մասին, որ նախ խաղաղությունը հաստատված է, սա և՛ օգոստոսի 8-ի հռչակագրով վարչապետ Փաշինյանը ,և՛ նախագահ Ալիևը, և՛ նաև վկայությամբ նախագահ Թրամփի ստորագրել են»:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, տարիներ տևած հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու Բաքվի ձգտումը:

«Ազատության» հարցին Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հեռացումից հետո կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այդ պայմանագիրը ստորագրվելու է, իսկ ե՞րբ և որտեղ, ինչպես և նախկինում, այսօր ևս ես կարող եմ վերահաստատել, մենք հենց հիմա կարող ենք խոսել այդ մասին»:

Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա, Բաքվի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Անկախության հռչակագիրը որակել է կոնֆլիկտածին:

Leave a Comment