Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, եթե դուք ցանկանում եք Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում հիպոթեքային վարկավորմամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն և ունեք առնվազն երկու անչափահաս երեխա, ապա կարող եք օգտվել մարզում հիպոթեքի աջակցության ծրագրից։
Եվ այսպես, եթե ունեք առնվազն երկու անչափահաս երեխա, եթե ձեռք բերվող գույքի արժեքը չի գերազանցում 35 միլիոն դրամը և այն ձեր միակ սեփականությունն է, և եթե դուք կկատարեք առնվազն 10% կանխավճար, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիպոթեքային վարկ ստանալու դեպքում կստանաք ֆինանսական աջակցություն՝
- երկու երեխայի դեպքում մինչև մեկ միլիոն դրամ,
- երեք երեխայի դեպքում մինչև մեկ ու կես միլիոն դրամ,
- չորս և ավել երեխաների դեպքում մինչև երկու միլիոն դրամ
Եթե գույքը ձեռք կբերեք սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվել են դպրոցներ և մանկապարտեզներ, ապա աջակցությունը կավելացվի 50%-ով։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկ կամ վարկային կազմակերպություն։ Ցանկը հասանելի է նախարարության պաշտոնական կայքէջում։