ՀՀ-ն 60 մլն դրամ կհատկացնի Լիբանանին մարդասիրական օգնության համար – armeniatoday.am

ՀՀ կառավարությունը 60 մլն դրամ կհատկացնի Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Որոշման նախագիծը մշակվել է երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հումանիտար ճգնաժամին արձագանքելու նպատակով։

Հատկացվող գումարից 34 մլն դրամը կուղղվի Էկոնոմիկայի նախարարությանը՝ պարենային ապրանքների և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերման համար, իսկ 26 մլն դրամը կհատկացվի Առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղորայքի գնման նպատակով։

Աջակցության տրամադրման համար ապրանքների ցանկը նախապես համաձայնեցվել է Արտաքին գործերի նախարարության հետ։

Մարտի 2-ի տվյալներով՝ ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը Լիբանանում հասել էր 2659-ի, իսկ վիրավորներինը՝ 8183-ի։

Հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը՝ գնումները նախատեսվում է իրականացնել «մեկ անձից գնման» ընթացակարգով։ Գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից՝ 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։

Leave a Comment