Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսրայելի հետ «համաձայնության մեջ» գտնվող երկրներին սպառնացել է պատասխանատվության ենթարկել։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։
Այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրությանը, ըստ որի՝ նա չհրապարակված այց է կատարել ԱՄԷ և հանդիպել նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդին։ Թեև իսրայելական կողմն այցը որակել է որպես «պատմական առաջընթաց», ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը կտրուկ հերքել է այդ տեղեկությունը։
Արաբական պետության արտաքին գերատեսչությունը պնդում է, որ Իսրայելի հետ հարաբերությունները հաստատված են «Աբրահամի համաձայնագրերի» հստակ շրջանակում և չեն իրականացվում գաղտնի ուղիներով։
Լարվածությունն էլ ավելի է սրվում The Wall Street Journal-ի հրապարակման ֆոնին, ըստ որի՝ ԱՄԷ-ն գաղտնի օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Լավան կղզու նավթավերամշակման գործարանին։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Նեթանյահուն հրապարակավ բացահայտել է այն, ինչ Թեհրանի անվտանգության ծառայությունները վաղուց փոխանցել էին երկրի ղեկավարությանը։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
