Սևանա լճի մոտ ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել, Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ մարզի բնակչությունը վերջին մի քանի տարվա ընթացքում 30%-ով նվազել է, աճել է ամուսնալուծությունների թիվը և նվազել ամուսնությունների թիվը։
Նրա խոսքով՝ մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի, բայց դրա համար այնտեղ պիտի մարդիկ լավ ապրեն։ «Ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այնտեղ մարդիկ չապրեն»,- ասել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ Սևանա լիճը պետք է դառնա ամենամեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկներից մեկը։
Դաշինքի թեկնածուն շեշտել է, որ համակարգային մոտեցում են ցուցաբերելու և աջակցելու են ընտանեկան բիզնես ծրագրերին։
Կարապետյանը հայտնել է, որ դաշինքի ծրագրով նախատեսվում է մանկավարժների, մշակութային բնագավառի աշխատակիցների աշխատավարձը 5 տարում ամեն տարի համամասնորեն 150%-ով բարձրացնել։
«Պետությունը պետք է խրախուսի և աջակցի ամենակարևոր մասնագիտությանը, որովհետև ծնողների հետ զուգահեռ այդ մասնագետները երեխաներ են դաստիարակում»,- հավելել է Կարապետյանը։
Հանդիպմանը ներկա վարդենիսցիներից մեկը մտահոգություն է հայտնել մարզում ադրբեջանցիների առաջխաղացման հետ կապված։
Կարապետյանը մատնանշել է իշխանությունների որդեգրած վտանգավոր քաղաքականությունը, որի պատճառով կարող են հայաթափվել ՀՀ որոշ մարզեր՝ այնտեղ ադրբեջանցիներ բնակեցնելու համար։ Նա կոչ է արել ակտիվ լինել, քանի որ «ջրբաժանի առաջ ենք կանգնած» և անհրաժեշտ է միավորվել՝ ազգային խնդիրները լուծելու համար։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ ավելի վաղ խիստ վտանգավոր էր որակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, թե հայկական տարածքների որոշ հատվածներ ադրբեջանական են։
