Ռազբորկա, կրակոցներ՝ ՀՀԿ և ԲՀԿ կրծքանշաններով անձանց մեջ. Ռետրո

Ռազբորկա, կրակոցներ՝ ՀՀԿ և ԲՀԿ կրծքանշաններով անձանց մեջ. Ռետրո

2010թ. ապրիլի 21-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել էր «Անավարտ մնացած ռազբորկա» վերնագրով հոդված։ Radar Armenia-ն «ՌԵՏՐՈ» խորագրի ներքո վերահրապարակում է 16-ամյա վաղեմության նյութը։

«Նշված օրը, ժամը 18-ից մինչև 20-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առջև գրեթե նույն անցուդարձն է եղել, ինչ Հանրապետական մարզադաշտի մոտ` մի քանի տասնյակ թանկարժեք ջիփեր, ոստիկանության տարբեր ստորաբաժինների հարյուրից ավել ներկայացուցիչներ` իրենց սպառազինությամբ, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կրծքանշաններով անձինք և այսպես շարունակ: Սակայն հրազենի կրակոցներից հետո ակնհայտ է դարձել, որ սա ուրիշ հավաք է: Պարզվել է, որ այդ «միջոցառումը» եղել է հերթական լայնամասշտաբ ռազբորկան: Իսկ ռազբորկայի անցկացման վայր է ընտրվել ռազմական ակադեմիայի դիմացի այգում տեղակայված «Քրեյզի հորս» («Crazy horse») գիշերային ակումբը, որից հետո այն շարունակվել է նշված օբյեկտի հետնամասում:

Սակայն, ռազբորկայի ամենաթեժ պահին, երբ ԲՀԿ-ական և ՀՀԿ-ական կրծքանշաններով մոտ հարյուր հոգու հասնող քրեական և թաղային հեղինակությունների հակամարտությունը պետք է թևակոխեր որոշիչ փուլ, այնտեղ ժամանած ոստիկանական ջոկատները ընդհատել են «միջոցառումը»: Դեպքի վայրում մարդիկ առանձնապես հակված չեն խոսելու: Իսկ նման զգուշավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրականում բոլորն էլ գիտեն, թե ովքեր են հակամարտող կողմերը, և որ նրանք, այսպես ասած, պատահական անձինք չեն: 

Դեպքի վայրում մարդիկ միայն շշուկով ասում են, որ վիճողները ««Դոդի Գագոյի» և «Չոռնի Գագոյի» շրջապատի տղերքից են»: Մարդիկ չգիտեն, թե վեճն ինչից է ծագել, սակայն դեպքից անմիջապես հետո Երևանում լուրեր էին շրջում, որ ռազբորկայի պատճառը Նոր Նորքի թաղային հեղինակություն «Դմբուզ Հենդոյին» պատկանող ինչ-որ տարածքի հետ կապված խնդիր է եղել: Վերջինիցս բացի, ռազբորկայի մասնակիցների շարքում շրջանառվում է նաև «Երրորդ մասի Հոնչ» քրեական հեղինակության անուն: Վերջինս 2009-ի փետրվարին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի զարմիկն է: Ջիփերի մի մասի 8-երով պետհամարանիշները միանգամից հուշում են դրանցով եկածների ծագումը: Նրանցից մի քանիսի ԲՀԿ-ականի կրծքանշանները երևում են նաև դեպքի վայրում արված լուսանկարներում: Երեկ լուրեր էին շրջանառվում նաև, որ ռազբորկայի կողմերից մեկում ընդգրկված է եղել նաև «Մասիվի Ժիրո» քրեական հեղինակությունը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, միջադեպի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 18-ի սահմաններում, որից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները արձանագրել են, որ վերը նշված վայրում 60-70 անձինք խուլիգանական գործողություններ են կատարում: Ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժինները շրջափակել են տարածքը և նախազգուշական կրակոցներ արձակելուց հետո զինաթափել ու բերման են ենթարկել ռազբորկայի 55 մասնակիցների, որոնցից 36-ը երեկվա դրությամբ ձերբակալված էին: Դեպքի վայրից ոստիկանությունն առգրավել է 12 ատրճանակ՝ 3 «ՏՏ», 4 «Մակարով», 2  թմբուկավոր, մեկական «Բերետա» և «Բրևետե» ու 1 արտասահմանյան` տեսակը չպարզված ատրճանակ, բոլորն էլ մարտական լիցքավորված: Դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի զենք-զինամթերք կրելը և օգտագործելը): Պաշտոնապես նշվում է, որ վեճի պատճառն, ինչ-որ գումարային խնդիր է եղել: «Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած  շահարկումների` հայտնում ենք, որ անկարգության մասնակիցները որևէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն: Խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում: Այսինքն, ոստիկանությունը կրկին անգամ փորձում է հերքել ակնհայտը: Եթե մի կողմ թողնենք ՀՀԿ և ԲՀԿ-ի կրծքանշաններով անձանց մասնակցության մասին ականատեսների պատմածները, ապա առնվազն ԲՀԿ-ականների մասնակցությունը, ինչպես արդեն վերը նշել ենք, փաստվում է նաև լուսանկարներով:

Ի դեպ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենց կուսակցության և ՀՀԿ-ի միջև ոչ մի կոնֆլիկտ չկա: «Հանրապետականի հետ մենք որևէ վիճահարույց հարց չունենք»,- ասաց նա: Գալստյանը չկարողացավ պարզաբանել նաև, թե ովքեր են ռազբորկայի ԲՀԿ-ական կրծքանշաններով մասնակիցները: «Նախաքննություն է գնում, թող պարզի ովքեր են այնտեղ եղել, ինչու են եղել, մենք գաղափար չունենք, թե ով և ինչու է այնտեղ եղել»,- ասաց Գալստյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե շաբաթ օրը ռազմական ակադեմիայի դիմաց ինչ ռազբորկա է եղել, իսկ ՀՀԿ-ականների դրա մասնակցության վերաբերյալ ասաց. «Հանրապետական եղած չի լինի, եթե լիներ ես կիմանայի: Ես կարծում եմ ԲՀԿ-ն էլ նման ինֆորմացիա չունի, եթե լիներ, մենք կիմանայինք»: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության վարչությունից մեզ ասացին, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քաղաքում չէ և, որ նա ոչ մի առնչություն չունի Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի հետ: «Քաղաքապետը քաղաքում չի և ոչ մի առնչություն չունի այդ դեպքի հետ: Ինքը մեկ-երկու օրով դուրս է եկել քաղաքից` հանգստանալու է մեկնել: Մենք չգիտենք, թե ուր և չենք կարող ասել»,- մեր հարցման ի պատասխան հայտնեցին քաղաքապետարանից:

Հ.Գ. 2005-ի փետրվարի 4-ին «Տեցի կռուգում» տեղի ունեցած հայտնի փոխհրաձգությունից հետո սա նման լայնամասշտաբ երկրորդ ռազբորկան է, որի մասին հանրությանը ևս հայտնի է դառնում»:

Leave a Comment