Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է ֆրանսիացիների ազգային մենթալիտետի և ֆուտբոլիստների նկատմամբ երկրպագուների վերաբերմունքի մասին իր կարծիքով։
«Մենք ֆրանսիացի ենք։ Ֆրանսիացիները սիրում են բողոքել։ Ֆրանսիացիները սիրում են դժգոհ լինել։ Մենք պարզապես այդպիսին ենք։ Ֆրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանից։ Մենք ամեն ինչ քննադատում ենք, և ես ասում եմ «մենք», որովհետև ես էլ եմ այդպիսին։
Բայց նոր սերունդը փորձում է փոխել այս մտածելակերպը։ Մեր առաքելությունը՝ որպես Ֆրանսիան ներկայացնող հանրային դեմքերի, երկրի լավագույն կողմերը ցույց տալն է։ Որովհետև, այո՛, կան նաև մութ կողմեր, բայց Ֆրանսիան ֆանտաստիկ երկիր է, որն իր մշակույթով և արժեքներով ոգեշնչում է ողջ աշխարհին։ Թեև ճշմարտություն է նաև այն, որ ֆրանսիացիները երբեմն հենց իրենք են անխնա քննադատում իրենց ֆուտբոլիստներին»,- Մբապեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Նշենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Կիլիան Մբապեն ընդհանուր առմամբ անցկացրել է 96 հանդիպում և խփել 56 գոլ։