«Բարսելոնայի» պատասխանը Պերեսի աղմկահարույց ասուլիսից հետո

«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մամուլի ասուլիսից հետո։

​Լրագրողների հետ զրույցում «Ռեալի» ղեկավարն անդրադարձել էր «Բարսելոնայի» և Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրայի համագործակցության կոռուպցիոն բնույթին։ Պերեսը նաև հայտնել էր, որ այս գործով փաստաթղթերն արդեն փոխանցվել են ՈւԵՖԱ-ին։

​Այս առնչությամբ կատալոնական ակումբը հանդես է եկել պաշտոնական արձագանքով.

​«Կապված Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հրավիրած մամուլի ասուլիսի հետ՝ հայտնում ենք, որ մեր իրավաբանական բաժինն ուշադիր ուսումնասիրում է նրա հայտարարություններն ու մեղադրանքները։

Ներկայումս դրանք վերլուծության փուլում են, և գնահատվում են մեր հետագա քայլերը։ Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք մեր դիրքորոշման և կայացվելիք որոշումների վերաբերյալ այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

Leave a Comment