«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Կոտայքի մարզում Պարեկային ծառայության 52 աշխատակից ազատվել է աշխատանքից իրենց հարազատների քաղաքական կողմնորոշման պատճառով։
Նրա պնդմամբ՝ ծառայողները հեռացվել են, քանի որ նրանց բարեկամներն իր աջակիցներն են կամ աշխատում են իրեն պատկանող ձեռնարկություններում։
«Ամեն տնից երկու-երեք հոգի վարկի տակ է, իսկ Կոտայքի մարզում 52 հատ պարեկ գործից հանել են, որ մարդը քննությունն էլ է անցել, ատեստացիան էլ։ Հանել են, որովհետև հերը իմ աշխատողն է, աները կամ եղբայրը իմ կողմնակիցն է»,- նշել է նա։
Քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնել տրամադրել նախկին ծառայողների կոնտակտային տվյալները։
«Կարող եմ հացեն տալ՝ գնաք ստուգեք»,- ասել է նա լրագրողներին։
ՆԳՆ ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ի հետ զրույցում հերքել է ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը՝ նշելով միայն, որ «տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Գերատեսչության ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել՝ հերքումը վերաբերում է 52 պարեկների ազատման բուն փաստին, թե՞ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հեռացումների հիմնավորմանը։
