Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ Վազգեն Ստեփանյանի նախագահությամբ, այսօր նշանակված էր ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանի և մյուսների գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ, նիստի սկզբում քարտուղարը հայտնեց, որ դատավարության կողմերը չեն ներկայացել նիստին։ Պաշտպան Գեորգի Մելիքյանը դիմում էր ներկայացրել և հայտնել, որ մայիսի 12-16-ը գտնվելու է արտերկրում։ Նա միջնորդել էր հետաձգել նիստը և իր բացակայությունը համարել հարգելի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, նշվածը հաշվի առնելով դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական կառավարման համակարգի մարմնի՝ ՀՀ պաշտպանության նախարարության անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, «Նոր Սերնդի Դպրոց» հասարակական կազմակերպության տնօրեն և «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Արմենի Ալոյանի, «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության տնօրեն Արտավազդ Գագիկի Բաղդասարյանի, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կարո Ստեփանի Պողոսյանի և նույն վարչության ՀԿ բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Յուրիկի Ավագյանի օժանդակությամբ, մեկ միասնական դիտավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության միջև 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված «ՄԱԾՁԲ-12-6», 2020 թվականի մարտի 9-ին կնքված «ՄԱԾՁԲ-20-12-1» և 2021 թվականի ապրիլի 27-ին կնքված «ՄԱԾՁԲ-21-12-3» ծածկագրերով պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, կեղծ հաշիվ-վավերագրեր, կեղծ ակտեր և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ՀՀ պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին վատնել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև նույն գնման գործընթացներում դրդել է Կարո Պողոսյանին և Արթուր Ավագյանին կազմել ու շրջանառության մեջ դնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ կեղծ դրական եզրակացություններ:
Միևնույն ժամանակ Արտավազդ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության տնօրենը, արտոնություններ, առավելություններ և նյութական օգուտ ստանալու մեկ միասնական դիտավորությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության և «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության միջև 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված «ՄԱԾՁԲ-12-6», 2020 թվականի մարտի 9-ին կնքված «ՄԱԾՁԲ-20-12-1» և 2021 թվականի ապրիլի 27-ին կնքված «ՄԱԾՁԲ-21-12-3» ծածկագրերով պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով, այդ թվում՝ որպես պայմանագրի կատարող կողմ, ծառայություններ մատուցած չլինելու պայմաններում ծառայությունների մատուցման և վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական կեղծ փաստաթղթեր ստորագրելով, օժանդակել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ռուբենի Ալթունյանի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմանը և պաշտոնեական դիրքի ու դրանով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ ՀՀ պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամ գումար վատնելուն:
Սուրեն Ալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Նոր Սերնդի Դպրոց» հասարակական կազմակերպության տնօրեն և «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր, իր զարմիկին՝ «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության տնօրեն Արտավազդ Գագիկի Բաղդասարյանին արտոնություններ, առավելություններ և նյութական օգուտ տրամադրելու մեկ միասնական դիտավորությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության և «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության միջև 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված «ՄԱԾՁԲ-12-6», 2020 թվականի մարտի 9-ին կնքված «ՄԱԾՁԲ-20-12-1» և 2021 թվականի ապրիլի 27-ին կնքված «ՄԱԾՁԲ-21-12-3» ծածկագրերով պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում տեղեկություններ, խորհուրդներ, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ռուբենի Ալթունյանի կողմից պաշտոնեական դիրքի և դրանով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ ՀՀ պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամ գումար վատնելուն:
Կարո Պողոսյանին մեղադրանք է առաջադարվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, և զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության (այսուհետ՝ Վարչություն) վարչատնտեսական ապահովման (2021 թվականից «կազմակերպչական») բաժնի պետի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության և «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության միջև 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված «ՄԱԾՁԲ-12-6», 2020 թվականի մարտի 9-ին կնքված «ՄԱԾՁԲ-20-12-1» և 2021 թվականի ապրիլի 27-ին կնքված «ՄԱԾՁԲ-21-12-3» ծածկագրերով պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով՝ ՀՀ ՊՆ կարիքին անհամապատասխան կազմված տեխնիկական բնութագիրը ստորագրելով, կեղծ դրական եզրակացություն տալով և շրջանառության մեջ դնելով, Գևորգ Ալթունյանի հանձնարարության հիման վրա նրա ցուցումները Վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Յուրիկի Ավագյանին փոխանցելու եղանակով, կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել է Վարչության պետ Գևորգ Ռուբենի Ալթունյանի կողմից պաշտոնեական դիրքի ու դրանով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ ՀՀ պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամ գումար վատնելուն:
Արթուր Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, և 2021 թվականին զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության (այսուհետ՝ Վարչություն) հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության և «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության միջև 2021 թվականի ապրիլի 27-ին կնքված «ՄԱԾՁԲ-21-12-3» ծածկագրով պայմանագրի գնման գործընթացների շրջանակներում միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով՝ ՀՀ ՊՆ կարիքին անհամապատասխան կազմված տեխնիկական բնութագիրը ստորագրելով, կեղծ դրական եզրակացություն տալով և շրջանառության մեջ դնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել է Վարչության պետ Գևորգ Ռուբենի Ալթունյանի կողմից պաշտոնեական դիրքի ու դրանով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ ՀՀ պետական բյուջեից 2021 թվականին առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20.000.000 ՀՀ դրամ գումար վատնելուն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: