Արագածոտնում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն




Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն։


 


«ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր՝ դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։


 


Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։


 


Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:


 


Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- ասվում է հաղորդագրության մեջ:


 


Նախարար Ժաննա Անդրեասյանը, սոցցանցի իր էջում անդրադառնալով իրավիճակին, գրել է․


 


«Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված հետևանքները կիրառելու համար:


 


Հիշեցնեմ, որ մինչ այս ստացած ահազանգերին էլ ընթացք է տրվել, և դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության:


 


Որևէ դեպք անպատիժ և անհետևանք չի մնալու»։


 


 ԿԳՄՍ նախարարություն


 


 


 


Leave a Comment